Ոչ թե խաղաղություն՝ այլ երկարատև քաոս․ Հայաստանի վճարելիք գինը

Ոչ թե խաղաղություն՝ այլ երկարատև քաոս․ Հայաստանի վճարելիք գինը

Նախօրեին տեղեկատվություն տարածվեց, որ Ադրբեջանը և Հայաստանը ուրբաթ օրը Վաշինգտոնում հնարավոր է ստորագրեն փոխըմբռնման հուշագիր՝ պարտավորվելով հետամուտ լինել խաղաղության հաստատմանը: Ըստ այդ տեղեկատվության՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանը ընդունելու է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ ստորագրման արարողությանը մասնակցելու համար։ Թեմայի հետ կապված կառավարությունից ոչ մի հոդաբաշխ պարզաբանում դեռևս չի ներկայացվել։ Փորձենք հասկանալ, թե ի՞նչ աշխարհաքաղաքական «պարտիա» է նախանշվում և ի՞նչ է թաքնված այս ամենի տակ։

Ինչպես հայտնի է՝ վերջին ամիսներին Նիկոլ Փաշինյանի արտաքին քաղաքական օրակարգը միտումնավոր կերպով կենտրոնացած է «խաղաղության պայմանագրի»՝ այսպես կոչված «պայմանագրով փրկության» գաղափարի վրա։ Նա բառացիորեն դռնեդուռ ընկած ներկայացնում է խաղաղության թեման որպես միակ հնարավոր տարբերակ Հայաստանի գոյության ու անվտանգության ապահովման համար։ Սակայն, եթե վերացնենք հռետորաբանության շղարշը և խորանանք այս «խաղաղության որոնումների» աշխարհաքաղաքական ենթատեքստի մեջ, կբացահայտվի մի պարզ ու բավականին վտանգավոր տրամաբանություն։

«Խաղաղություն» մուրալու գործընթացի առանցքում պարզապես խաղաղություն ձեռք բերելու ցանկությունը չէ։ Դա ավելի շուտ արտաքին դերակատարների՝ հատկապես Արևմուտքի շահերով սնվող նախագծի իրականացման գործիք է։ Խնդրի բուն խորքում՝ ՌԴ-ին Հարավային Կովկասից դուրս մղելու հստակ օրակարգն է։ Հայաստանի միջոցով արևմտյան ճնշումներն ուղղվում են ոչ միայն Ադրբեջանի վրա, այլև՝ ուղղակիորեն ՌԴ-ի՝ տարածաշրջանում ունեցած ազդեցության վերջին մնացորդների դեմ։ Հանուն արդարության պետք է նաև փաստենք, որ ՌԴ կողմից տարածաշրջանում մնալու հետ կապված «գետնի վրա» որևէ առևերևույթ քայլեր չեն արվում, և տպավորություն է, թե ռուսներն ուզում են դուրս գալ իրենց համար կենսական նշանակություն ունեցող ստարտեգիական հատվածից։

Այս հարցում Արևմուտքի հիմնական «ջոկերը» Թուրքիան է, որի միջոցով նրանք արդեն կատարել են իրենց համապատասխան սկզբնախաղը՝ հարավկովկասյան տարածաշրջանն ամբողջովին «տրամադրելով» թուրքական նարատիվին։ Այստեղ պետք է փաստենք, որ Արևմուտքի և թուրքական իրական նարատիվները ոչ թե խաչվում են, այլ լրիվ այլ զուգահեռականներում են, քանի որ թուրքական քաղաքակրթության հիմնական թիրախը՝ պանթյուրքիզմն է։

Ընդգծենք, որ այ ամենն իրականացվում է մի ղեկավարի միջոցով, որը չի վարանում կասկածի տակ դնել բոլոր նախկին պայմանավորվածություններն ու դաշնակցային պարտավորությունները։ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը դարձել է գործնական կատալիզատոր ռուսական ազդեցությունը նոսրացնելու համար՝ օգտագործելով խաղաղության խոսույթը որպես մանիպուլյատիվ քող։

Միացյալ Նահանգների ակնհայտ ներգրավվածությունն այս գործընթացում արդեն հասնում է բաց քաղաքական աջակցությանը։ Սպիտակ տանը Փաշինյան–Ալիև հնարավոր հանդիպում կազմակերպելու հնարավորությունը դարձել է ոչ միայն քննարկման առարկա, այլև ազդակ՝ թե Վաշինգտոնը պատրաստ է գործել որպես այս պայմանագրի «քավոր»։ Սակայն ԱՄՆ-ի ակտիվությունը չի բխում բացառապես տարածաշրջանային կայունությունից։

ԱՄՆ-ի իրական շահը գեոպոլիտիկ դիրքային պայքարն է՝ ուղղված ՌԴ-ի և Չինաստանի ազդեցության նվազեցմանը Եվրասիայի այս առանցքային կետում։ Հարավային Կովկասը դիտվում է որպես «միջանցք»՝ վերահսկվող բուֆեր, որը կարող է մի կողմից զսպել Ռուսաստանի ռազմական ներկայությունը, մյուս կողմից՝ խոչընդոտել Չինաստանի «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» ծրագրի իրականացումը Իրանի և Կասպից ծովի միջոցով։ Իսկ այս դիրքային պայքարում Հայաստանը ընկալվում է որպես հնարավոր բազա՝ եթե ոչ ռազմական, ապա հաստատ քաղաքական և կոմունիկացիոն առումով։

Ըստ էության՝ Ադրբեջանի կողմից մինչ օրս պահպանվում է ռազմատենչ հռետորաբանությունը, իսկ Ալիևը գործնականում մի քանի անգամ հայտարարել է, որ իրենք պատերազմով արդեն հասել են իրենց նպատակին։ Այդուհանդերձ, խաղաղություն մուրում է ոչ թե Ադրբեջանը, այլ Հայաստանը։ Սա ինքնին նշան է, որ այս գործընթացում իրական շահառուն ոչ թե հայ ժողովուրդն է, այլ՝ միջնորդները, որոնք փորձում են օգտագործել հայկական կողմի խոցելի վիճակը՝ իրենց աշխարհաքաղաքական քարտեզն ավարտին հասցնելու համար։

Փաշինյանը՝ իր «աշխարահաքաղաքական ընկեցիկի» կեցվածքով և ակնհայտ արտաքին հենարանով, փորձում է միջազգային հարթակներում ձևավորել պատրանք, թե իբր Հայաստանի կողմից չկա ոչ մի խոչընդոտ խաղաղության համար։ Իրականում՝ հենց այդ միակողմանի պատրաստակամությունն է, որ թույլ է տալիս Բաքվին շարունակել մաքսիմալիստական պահանջներն ու երկարաձգել գործընթացը։

Այսպես կոչված «խաղաղության օրակարգը» փաստացի վերածվել է գեոպոլիտիկ գործիքի, որի միջոցով Արևմուտքը փորձում է Հայաստանին դարձնել հակառուսական նախագծի մաս՝ մի առաջնորդի միջոցով, ով պատրաստ է իր քաղաքական ապագան ապահովելու դիմաց լուռ համաձայնել ամեն ինչի։ Այստեղ էլ է բացահայտվում ամբողջ հակասությունն ու վտանգը։ Խաղաղություն՝ առանց բովանդակության, առանց փոխադարձ երաշխիքների, միայն ՌԴ-ն դուրս մղելու և Արևմուտքը տեղաբաշխելու նպատակով՝ նշանակում է ոչ թե խաղաղություն, այլ երկարատև քաոս, որի գինը կրկին վճարելու է Հայաստանը։

Արմեն Հովասափյան

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում