Թրամփը մտադիր է հաջորդ շաբաթ անձամբ հանդիպել Պուտինի հետ

Թրամփը մտադիր է հաջորդ շաբաթ անձամբ հանդիպել Պուտինի հետ

«NYT» պարբերականին ԱՄՆ նախագահի ծրագրերին ծանոթ աղբյուրները հայտնում են, որ Դոնալդ Թրամփը մտադիր է հաջորդ շաբաթ անձամբ հանդիպել Վլադիմիր Պուտինի հետ, իսկ դրանից անմիջապես հետո նա նախատեսում է եռակողմ հանդիպում անցկացնել՝ Պուտինի և Վլադիմիր Զելենսկու հետ։

Աղբյուրների համաձայն՝ Թրամփը իր ծրագրերը բացահայտել է չորեքշաբթի օրը եվրոպացի առաջնորդների հետ հեռախոսազրույցի ժամանակ։ Հանդիպումները տեղի կունենան առանց եվրոպացի գործընկերների մասնակցության։ Զրույցին ծանոթ աղբյուրի խոսքով, եվրոպացի առաջնորդները, կարծես, համաձայնության են եկել դրա հետ։

Թերթի տվյալներով՝ զրույցին մասնակցել են Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը, Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը, ԱՄՆ փոխնախագահ Ջ.Դ. Վենսը, պետքարտուղար Մարկո Ռուբիոն և Թրամփի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը։ Վերջինս օգոստոսի 6-ին հանդիպել է Պուտինի հետ Մոսկվայում։ Թրամփը նշել է, որ այս հանդիպմանը մեծ առաջընթաց է գրանցվել, որը նա կիսել է որոշ եվրոպացի դաշնակիցների հետ։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում