ՌԴ-ն եղել է, կա և կշարունակի ներկա լինել Հարավային Կովկասում․ Թուրքիայում ՌԴ դեսպան

ՌԴ-ն եղել է, կա և կշարունակի ներկա լինել Հարավային Կովկասում․ Թուրքիայում ՌԴ դեսպան

РИА Новости–ի փոխանցմամբ՝ Թուրքիայում Ռուսաստանի դեսպան Ալեքսեյ Երխովն իր առաքելության ավարտի նախօրեին թուրքական ԶԼՄ-ների հետ զրույցում հայտարարել է, որ Ռուսաստանը եղել է, կա և կմնա Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացների ակտիվ մասնակից, ինչն ընդունվել է այդ թվում նաև Թուրքիայի կողմից։

Նշենք, որ Սեպտեմբերի 5-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր էր ստորագրել Երխովին Թուրքիայում դեսպանի պաշտոնից ազատելու և Ուզբեկստանում դեսպան նշանակելու մասին։

«Ինչ վերաբերում է ձեր այն հայտարարությանը, որ, ինչպես դուք եք ասում, «Ռուսաստանը հեռացվում է Կովկասից», ես չեմ կարող համաձայն լինել։ Կարծում եմ՝ ճիշտ հակառակն է։ Իմ երկիրը եղել է, կա և կշարունակի ներկա լինել այս տարածաշրջանում։ Ի դեպ, դա ճանաչվում է այստեղ գտնվող բոլոր պետությունների, այդ թվում՝ Թուրքիայի կողմից, որի հետ մենք սերտ աշխատանքային կապեր ենք պահպանում, այդ թվում՝ Հարավային Կովկասի հարցերով», – նշել է դիվանագետը՝ մեկնաբանելով որոշ փորձագետների այն հայտարարությունները, թե Միացյալ Նահանգները ձգտում է սահմանափակել Ռուսաստանի ազդեցությունը Հարավային Կովկասում։

Երխովը հավելել է, որ Մոսկվան և Անկարան համատեղ առաջ են մղում «3+3» տարածաշրջանային խորհրդակցությունների հարթակը։

«Մեր համատեղ գնահատմամբ՝ այս ձևաչափը կարող է չափազանց օգտակար լինել բոլոր մասնակիցների, ինչպես նաև ամբողջ տարածաշրջանում խաղաղության և կայունության համար», – նշել է դիվանագետը։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում