«Իրական Հայաստանը պատմական Հայաստանի շարունակությունն է»․ Սաղաթելյան
Կարդացեք նաև
Անկախության տոնի առիթով կազմակերված երթի ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանն ասել է․ «Մեր անկախությունը և պետականությունը մեր ազգի դարավոր պայքարի ու զոհաբերության արդյունք է»։ Նա շեշտել, որ վերջին տարիներին անկախության օրը նշվում է ինքնիշխանության և ազգային ինքնության դեմ առնչվող աննախադեպ ճնշումների պայմաններում։ Սաղաթելյանն ընդգծել է, որ փորձում են հայ ժողովրդին համոզել, թե ազգային ազատագրական պայքարի անցած էջերը եղել են կայսրությունների թելադրանքով, կամ թե անկախության միակ նպատակը՝ կուշտ ստամոքսն ու շքեղ տոնակատարություններն են։
Սաղաթելյանը հստակեցրել է, որ հայ ժողովուրդը իր պատմության բոլոր կարևոր մղումների ընթացքում պայքարել է ինքնության համար՝ իր հողի, ջրի, լեզվի, մշակույթի և եկեղեցու պաշտպանության նպատակով։ «Մեր պայքարը եղել է հայ լինելու և հայ մնալու համար», – նշել է նա։
Անդրադառնալով պատմական և իրական Հայաստանի միջև ստեղծված դիսկուրսին, Սաղաթելյանը հայտարարել է, որ այս հակադրությունը մտացածին է և որ իրական Հայաստանը պատմական Հայաստանի շարունակությունն է։ Նա ընդգծել է, որ իրական անկախ Հայաստանը չի կարող զուրկ լինել պատմությունից, հայ առաքելական եկեղեցուց, ցեղասպանության հիշողությունից և Արցախի հարցից։
Նա նաև իր մտահոգությունն է հայտնել գործող վարչախմբի գործողությունների կապակցությամբ՝ նշելով, որ ներկայիս իշխանությունները իրականում ներկայացնում են Ադրբեջանի պատկերացրած Հայաստանի մոդելը։
«Երեկ Հայաստանի պարագլուխ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց Հայաստանի երրորդ հանրապետության էջը փակելու և չորրորդ հանրապետություն ստեղծելու մտադրության մասին։ Այս հայտարարությունը իրականում ինքնախոստովանական ցուցմունք է, որ ինքը ոչ միայն կործանել է Արցախի հանրապետությունը այլ նաև պատրաստվում է կազմաքանդել Հայաստանի երրորդ հանրապետությունը», – ասել է Սաղաթելյանը՝ հավելելով, որ այս գործընթացը կարող է նպաստել Հայաստանի դենացիոնալիզացմանը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում