Տասնյակ ոստիկաններ և 6 ցուցարար է տուժել Թբիլիսիում տեղի ունեցած անկարգությունների հետևանքով

Տասնյակ ոստիկաններ և 6 ցուցարար է տուժել Թբիլիսիում տեղի ունեցած անկարգությունների հետևանքով

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն ասել է, որ Թբիլիսիում տեղի ունեցած անկարգությունների պատասխանատվությունը կրում է ԵՄ դեսպան Պավել Հերչինսկին։ Վարչապետը նշել է, որ դեսպանը պարտավոր էր բացահայտ դատապարտել բողոքի ցույցերը, հաղորդում է վրացական 1TV-ն։

Կոբախիձեն նաև նշել է, որ մի քանի օտարերկրյա ներկայացուցիչներ, այդ թվում՝ ԵՄ պաշտոնյաներ, ուղղակիորեն աջակցել են Վրաստանում սահմանադրական կարգը տապալելու փորձին։

Նշենք, որ Թբիլիսիի քաղաքապետի ընտրություններում հաղթանակ է տարել Կախա Կալաձեն՝ առաջ անցնելով մրցակիցներից եւ հավաքելով ձայների ավելի քան 71 տոկոսը քվեաթերթիկների 100 տոկոսի հաշվարկի արդյունքում. երկրորդ տեղը զբաղեցրել է «Ուժեղ Վրաստան» և «Գախարիան հանուն Վրաստանի» կուսակցությունների թեկնածու Իրակլի Կուպրաձեն: Նրա օգտին քվեարկել է ընտրողների 12,275 տոկոսը։

Առաջատարների եռյակը եզրափակում է «Գիրչի» կուսակցությունից Յագո Խվիչիան, որը ստացել է ձայների 7,624 տոկոսը:

Հավելենք, որ բողոքի ցույցերը Թբիլիսիում սկսվել են հոկտեմբերի 4-ի երեկոյան։ Բախումների ընթացքում հետևանքով տուժել է 6 ցուցարար և 21 ոստիկան, հայտնել է երկրի Առողջապահության նախարարությունը: Եվս 30 մարդ տեղում բուժօգնություն է ստացել։

Ներքին գործերի նախարարությունը հարուցել է քրեական գործեր՝ ոստիկանների վրա հարձակման, բռնի իշխանափոխության կոչերի, գույքի վնասման և ռազմավարական օբյեկտ գրավելու փորձի համար։

Նախարարության տվյալներով՝ ձերբակալվել են Պաատա Բուրչուլաձեն, Մուրթազ Զոդելավան, Իրակլի Նադիրաձեն, Պաատա Մանջգալաձեն և Լաշա Բերիձեն։

Հիշեցնենք՝ հոկտեմբերի 4-ին Վրաստանում տեղի են ունեցել տեղական ինքնակառավարման ընտրություններ։ Քաղաքացիները 64 քաղաքում և շրջանում ընտրել են քաղաքապետերի և տեղական խորհրդի անդամների։

Հետևեք մեզ նաև Telegram-ում