Սատարել ժողովրդին և միավորել բոլորի ջանքերը. ազդարարվեց «Միասնության թևեր» նախաձեռնության մեկնարկը

Սատարել ժողովրդին և միավորել բոլորի ջանքերը. ազդարարվեց «Միասնության թևեր» նախաձեռնության մեկնարկը

Այսօր ազդարարվել է «Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության պաշտոնական մեկնարկը։ Նախաձեռնության ղեկավար Արման Թաթոյանը հայտարարել է, որ ստանձնել են  քաղաքական պատասխանատվություն՝ ժողովրդին սատարելու և բոլորի ջանքերը միավորելու համար։

««Միասնության թևեր»-ը նշանակում է, որ մենք պետք է իրար թև ու թիկունք լինենք, նայենք առաջ ու իրար վեր բարձրացնենք, նաև նշանակում է հայ ժողովրդի միասնություն և համերաշխություն աշխարհում՝ ՀՀ-ում և Սփյուռքում»,-ասել է նա։

Թաթոյանը պարզաբանել է, որ իրենց խորհրդանիշը թևավոր ցուլն է, որի թևերին փարված են իրենց առաջնորդող 7 արժեքները. «Իսկ ցուլը խորհրդանշում է ուժ, աշխատասիրություն, համբերություն, հաղթանակ։ Այս խորհրդանիշների ներքո էլ մենք շարժվելու ենք առաջ։ Բոլորը միտված են ընտրություններում հաղթելուն, մենք՝ հիմնախնդիրների լուծմանը։ Հակադրության ժամանակն ավարտված է, եկել է արարելու ժամանակը»,-ընդգծել է նա։

Նա ներկայացրել է ընտրվելու դեպքում իրենց տնտեսական, սոցիալական և արտաքին քաղաքականության ծրագրերը։

«Անկախ, ինքնիշխան, անվտանգ և կայուն զարգացող Հայաստան. այս հիմնարար գաղափարներն են ընկած լինելու մեր արտաքին քաղաքականության հիմքում։ Ռազմավարական հիմնական սկզբունքներն են, որ ՀՀ-ն պետք է հանդես գա ինքնուրույն միջազգային օրակարգով։ ՀՀ արտաքին քաղաքականության վերաբերյալ ռազմավարությունը պետք է ծառայի որպես ուղեցույց այն մասին, թե ինչպիսին պետք է լինի ՀՀ դերը տարածաշրջանում և աշխարհում։

Սեփական ժողովրդի և միջազգային հանրության համար կանխատեսելի և պատասխանատու արտաքին քաղաքականություն՝ շահերի համադրման և ոչ թե հարմարվողականության վրա հիմնված արտաքին քաղաքականություն, հավատարիմ մնալով ազգային շահերին»,- նշել է Թաթոյանը։

Նրա խոսքով՝ իրենց ուժը կարագացնի կապը քաղաքների և գյուղերի միջև ժամանակակից ենթակառուցվածքների միջոցով։ Շեշտել, որ պետք է հրաժարվել մշտական ճգնաժամերի տրամաբանությունից։

Հետևեք մեզ նաև Telegram-ում