Մենք համակերպվող չենք, Վաղարշապատում հաղթելու է կառուցողական ընդդիմությունը. «Հայրենիք» կուսակցության թեկնածու Խաչիկ Մանուկյան

Մենք համակերպվող չենք, Վաղարշապատում հաղթելու է կառուցողական ընդդիմությունը. «Հայրենիք» կուսակցության թեկնածու Խաչիկ Մանուկյան

Վաղարշապատ համայնքի ղեկավարի «Հայրենիք» կուսակցության թեկնածու Խաչիկ Մանուկյանը, անդրադառնալով գործող իշխանության տարիներին Էջմիածնում իրականացված գործունեությանը, ընդգծել է, որ ՔՊ-ի կառավարման տարիները կարելի է բնութագրել մեկ բառով՝ թալան։

«Այսօր Էջմիածնի արդեն նախկին ՔՊ-ական քաղաքապետին դատում են, բայց նա պարզապես տեսել է, որ բոլորը թալանում են, և ինքն էլ է նույնը արել։ Ամբողջ թիմը թալանով էր զբաղված։ Տեսնում ենք, թե ինչպես են ազուտակով տենդերները շահում։ Որտեղ փող կար, ՔՊ-ականները, ինչպես ճանճը՝ կեղտի վրա, հավաքվում էին ամբողջ թիմով ու կլլում ամեն ինչ»,– ասել է Մանուկյանը։

Նա ընդգծել է, որ գործող իշխանությունն անկարող է նույնիսկ այն տարածքների նկատմամբ պատասխանատվություն ստանձնելու, որոնք պաշտպանվել են մեր զինվորների կյանքի գնով․

«Նրանք անկարողներ են, մեր զավակների պահած տարածները անգամ տեր լինելու կարողությունը չունեցան։ Հիմա փորձում են դա ներկայացնել որպես խաղաղության գործընթաց։ Սա կեղծ օրակարգ է։ Մենք պետք է մեր բնակիչներին ցույց տանք իրական պատկերը, որովհետև անտարբերությունը ամենամեծ չարիք է։ Եթե թույլ տանք, որ ՔՊ-ն նորից իր ոտքը հաստատի, վստահ եղեք՝ հերթական նահանջն է լինելու»,-ասել է Մանուկյանը։

Պատասխանելով այն հարցին, թե ինչպե՞ս որոշեց միանալ «Հայրենիք» կուսակցությանը, Մանուկյանն ասել է․ Ես հայտարարել էի, որ կմիանամ այն քաղաքական ուժին, որը նոր որակի ուժ է՝ իր ծրագրերով, նպատակներով և կարողություններով միտված է մեր երկիրը հզորացնելու, մեր ժողովրդին բարեկեցիկ կյանքի հնարավորություններ տալու։

Ոգևորիչ էր նաև այն հանգամանքը, որ կուսակցության շարքերում կան մարդիկ, որոնք զենք են վերցրել՝ հայրենիքի պաշտպանությանը կանգնելու համար։ Սա ես շատ կարևոր եմ համարում, որովհետև հաճախ լսում եմ հոխորտանքներ հայրենիքի պաշտպանության մասին, բայց երբ գալիս է իրական պաշտպանելու պահը, ստվերում են, չկան, սրա-նրա շրջազգեստի տակ են թաքնվում»։

Մանուկյանը նշել է, որ «Հայրենիք» կուսակցությունում ինքը հանդիպել է այնպիսի մարդկանց, ովքեր պատմել են հետաքրքիր դրվագներ այն հատվածներից, որտեղ իր որդին՝ Վաչագանն է կռվել իր ջոկատով և նրանց պատմություններից և նրանց վերաբերմունքից հայրենիքի նկատմամբ՝ ռավել համոզվել, որ հենց այս կուսակցությունում են իսկական, խիզախ, հայրենիքին նվիրված մարդիկ։

«Նրանց հետ հաղթական ընթացք ունենալը հեշտ է»,-նշել է նա։

Մանուկյանը հայտարարել է, որ «Հայրենիք» կուսակցությունը Վաղարշապատում առաջին դիրքում է։ Նրա խոսքով՝ ինչպես Հայաստանի տարբեր համայնքներում ընդդիմությունն է հաղթանակ տարել, նույնը լինելու է նաև Վաղարշապատում։

«Մեր ընդդիմությունն ունի կառուցողական մոտեցում, որը միտված է ազգը և երկիրը հզորացնելու։ Այս պարագայում Էջմիածնեցին պետք է հաստատակամ լինի և ոչ մի նահանջ քայլ չանի։ Այն հաղթանակը, որ ունենք, պետք է ամրապնդենք մեր ձեռքով։ Մեր թիմը պատրաստ է կյանքի կոչել բարեփոխումների իրատեսական ծրագիրը։ Մենք աշխատել ենք այնպես, որ ոչ մի հարց, ոչ մի խնդիր չմնա առանց լուծման», – նշել է Խաչիկ Մանուկյանը։

Նրա խոսքով՝ եթե թիմը լիներ համակերպվող և իշխանական համակարգում տեղավորվող, կարող էին հանգիստ ու անհոգ կյանքով ապրել, սակայն իրենք ընտրել են այլ ճանապարհ․ «Մենք չենք եկել հարմարվելու կամ գոյություն պահպանելու։ Մենք եկել ենք մեր երկիրը հզորացնելու։ Մենք հավատում ենք մեր երկրի ապագային»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում