ՔՊ-ականների սիրտը Գյումրիում արյուն է ուզում, Փարաքար-2 է ուզում. Մարտուն Գրիգորյան
Նմանատիպ
Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության անդամ, Գյումրու քաղաքապետի ընտրություններին մասնակից «Մեր քաղաքը» դաշինքի ղեկավար Մարտուն Գրիգորյանն ասել է․ «Ծանուցելու դեպքում Գյումրու քաղաքապետը դժվար թե խուսափեր, չներկայանար քննությանը։ Հասկանալի է, որ այնտեղ ցույց տալու բան կար, ահաբեկելու, դրանով մյուս քաղաքական ուժերին մեսիջ տալու»։
Նրան հարցրեցին, թե ո՞ւմ էր ուղղված Ղուկասյանի կալանավորումից հետո արված իր ֆեյսբուքյան գրառումը։
«Այն ուղղված չէր Վարդան Ղուկասյանին, քանի որ ես սովորություն չունեմ նեղության մեջ հայտնված մարդու համար նոր խնդիրներ առաջացնել։ Խոսքը վերաբերում էր նախընտրական շրջանում իմ կանխատեսումներին, ինչպես նաև հետընտրական շրջանում լրագրողները, ոչ բարով բլոգերները, վերլուծաբանները, որոնք ընկած Մարտուն Գրիգորյանին էին փնտրում ողջ Հայաստանով մեկ, շտապեցնում էին, ասում էին՝ հայտարարի, հայտարարի, տարատեսակ վիրավորանքներ էին հնչեցնում։ Ես այդ ընթացքում հանդիպումներ էի ունենում քաղաքական ուժերի, անհատ գործիչների հետ։ Բոլորին այս իրավիճակի մասին զգուշացրել եմ»,-մանրամասնել էԳրիգորյանը։
Հիշեցնենք, որ մարտի 30-ին Գյումրիի ավագանու ընտրություններում քվեարկության արդյունքները հայտնի դառնալուց հետո ընդդիմադիր մյուս թեկնածուները հայտարարեցին, որ կքվեարկեն քաղաքապետի պաշտոնում Վարդան Ղուկասյանի թեկնածության օգտին։ Մարտուն Գրիգորյանը քվեարկության հաջորդող օրերին լուռ էր, նա հայտարարությամբ հանդես եկավ միայն ապրիլի 3-ին՝ տեղեկացնելով, որ «դաշինքը կտա անհրաժեշտ քանակությամբ քվե՝ մյուս երկու ուժերի կողմից սատարվող թեկնածու Վարդան Ղուկասյանին՝ առանց որևէ պաշտոնի, ակնկալիքի և որևէ պայմանավորվածության։ Եվ հետագա ամբողջ պատասխանատվությունը՝ քաղաքի հետագա ճակատագիրը՝ ՔՊ-ին տալու, չտալու մասով, այսուհետ թեև վերցնում են իրենց վրա երեք ուժերը՝ Վարդան Ղուկասյանի գլխավորությամբ, այնուամենայնիվ, բոլորդ էլ գիտեք՝ ես ձեռքերս ծալած չեմ նստելու և շարունակելու եմ անել ամեն ինչ, որ ՔՊ-ն Գյումրիում քաղաքապետ չունենա»։
«Ես ոչ թե ասում էի, ոչ թե Վարդանը, այլ ես, այլ առաջարկում էի, որ հավաքական ընդդիմության հաղթանակը չմխսվեր։ Իմ ասածն այդ էր։ Բոլորի հետ հանդիպումների ժամանակ ես ալտերնատիվ տարբերակ առաջարկել էի»,-ասել է Գրիգորյանը։
Հարցին, Գրիգորյանը կարծում է այլ քաղաքապետի դեպքում քրեական գործ չէի՞ն հարուցի, ի պատասխան ԱԺ պատգամավորն ասել է. «Քրեական գործի խնդիրը չէ։ Չեղած տեղից… տեսնում եք, երեկ ամբողջ օրը ԱԺ ամբիոնն օգտագործում էին հրահրելու արյունահեղություն Գյումրի քաղաքում։ ՔՊ պատգամավորներից մարդ կա, ում սիրտն արյուն է ուզում Գյումրի քաղաքում։ Առավոտից իրիկուն այդ մարդու խոսույթն այդ է։ Այս մարդկանց սիրտն արյուն է ուզում, Փարաքար-2 է ուզում, և այդ ամենն ուզում են, որ լինի Գրիգորյան Մարտունի ու Ղուկասյան Վարդանի ընտանիքների, թիմերի միջև։ Այս պահի դրությամբ փառք ու պատիվ մեզ, որ կարողացանք այդ սադրանքներին չտրվել, բայց այն, որ Գյումրիում սպասվում է այդ սցենարը, և փորձելու են Գյումրիում նման իրավիճակ ստեղծել ու մեզ ներքաշել կրիմինալ վենդետայի ու նման բաների մեջ, հստակ երևում է»։
Նա նշել է, որ Վարդան Ղուկասյանին քվե է տվել, որ չկարծեն, թե աթոռակռիվ է անում, քանի որ այլընտրանքը կա՛մ ՔՊ-ին միանալն էր, կա՛մ ոչ մեկին ձայն չտալը, ինչը տանելու էր ընտրությունների տապալմանը, իսկ նոր ընտրության դեպքում ՔՊ-ն 50 տոկոսից ավելի ձայն էր ստանալու։
Նշենք, որ ապրիլի 3-ի հայտարարության մեջ Մ. Գրիգորյանը նաև նշել էր. «Քարոզարշավի ընթացքում ես բացահայտ ասել եմ և միակն եմ եղել, որ խոսել եմ ինչ է լինելու ընտրություններից հետո, եթե քաղաքապետ ընտրվի Վարդան Ղուկասյանը։ Մնում եմ նույն համոզմունքին, որ նա ամենախոցելի թեկնածուն է` քրեական գործերով պայմանավորված։ Թե ի՞նչ կլինի հետո ու ինչպես կվարվեն տվյալ մարդու հետ՝ լավ հիշեք այս օրը։ Գյումրին կտանե՞ն Վանաձորի ճանապարհով, թե ոչ՝ տա Աստված, որ սխալված լինեմ։ Այս վտանգների մասին այս ընթացքում ուղիղ կամ միջնորդավորված խոսել եմ, հատուկ զգուշացրել եմ մյուս թեկնածուներին, մասնավորաբար, Ռուբեն Մխիթարյանին ու Կարեն Սիմոնյանին։ Իմ դիրքորոշմամբ, օրինակ՝ Ռուբենին կամ Կարենին կարող էինք ընտրել քաղաքապետ՝ 4 թեկնածուներիս համատեղ քննարկման և համագործակցության արդյուքնում։ Եվ սա կդառնար ամբողջական իշխանական համակարգի փլուզման իրական մեկնարկը»։
Հետևեք մեզ նաև Telegram-ում