Չենք համակերպվելու Եվրոպական տարբեր կառույցների լռության հետ. Բողոքի ակցիա ԱԺ դիմաց

Չենք համակերպվելու Եվրոպական տարբեր կառույցների լռության հետ. Բողոքի ակցիա ԱԺ դիմաց

Մինչ Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի 12-րդ լիագումար նստաշրջանի մասնակիցները ժամանում էին ՀՀ Ազգային Ժողովի շենք, ԱԺ դարպասների մոտ բողոքի ակցիա էին անցկացնում ՀՀԿ երիտասարդական և ուսանողական կառույցների անդամներն ու քաղաքական ուժերի,  հասարակական միավորումների երիտասարդները։

Բողոքի ակցիա նվիրված էր Հայաստանում քաղաքական բանտարկյալներին և Բաքվում պատանդառված մեր հայրենակիցներին։ «Ազատություն քաղբանտարկյալներին» գրությամբ,  Բագրատ և Միքայել Սրբազանների, Սամվել Կարապետյանի, Ալեքսանդր Կոչուբաևի, արդարների գործով մեղադրյալների, Բաքվի բանտերում պահվող մեր հայրենակիցների  լուսանկարներով պաստառներ ունեին մասնակիցներն իրենց ձեռքերում։

Լրագրողների հետ զրույցում ՀՀԿ ԵԿ ղեկավար Հենրիխ Դանիելյանն ասել է․ «Ցավոք սրտի, այս պիկետները գնալով ավելանում են։ Մենք անընդհատ հայտնվում ենք դատարանների բակերում ու այլ տեղերում, քանի որ իրականացվում են նոր քաղաքական հետապնդումներ, ավելանում է քաղբանտարկյալների թիվը»։

Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի 12-րդ լիագումար նստաշրջանի մասնակիցներին ակցիայի մասնակիցները բարձախոսով տեղեկացրել են, որ Հայաստանում քաղբանտարկյալների թիվն ավելանում է, օրվա իշխանություններն իրականացնում են ռեպրեսիոն գործողություններ, որոնք որևէ կապ չունեն ժողովրդավարության հետ։

«Հայաստանում այսօր չկա խոսքի ազատություն։ Այստեղ դուք տեսնում եք տասնյակ մարդկանց լուսանկարներ, որոնք Հայաստանի կամ Բաքվի բանտերում են։ Մենք այստեղ ենք ասելու, որ Հայաստանի քաղաքացիները չեն համակերպվելու այս իրավիճակի հետ։ Չեն համակերպվելու Եվրոպական տարբեր կառույցների լռության հետ։ Մենք տեսնում ենք, որ եվրոպական կառույցները գործոն քայլեր չեն ձեռնարկում, որ Հայաստանում վերականգնվի ժողովրդավարությունը»,-հայտարարել է Դանիելյանը։

Շարունակելով խոսքը՝ բողոքի ակցիայի մասնակից ընդդիմադիր գործիչն ասել է, որ այսօր Հայաստանում մարդիկ ազատազրկվում են իրենց խոսքի, կարծիքի համար։

«Այսօր ուզում ենք արձանագրել, որ Հայաստանում քաղաքական գործիչներն իրենց ընդդիմադիր հայացքների համար հայտնվում են բանտերում։ Եվրոպական արժեքները, որոնց անկյունաքրը լռությունը չէ, այլ գործողություն անելը, տեսնում են, որ դրանք թեմայի շուրջ ոչինչ չեն անում։ ՀՀ քաղաքցիները չեն ընդունում այս ռեպրեիսիները, չեն պլանավորում ապրել այս ռեպրեսիաների ներքո։ Այսօր մենք ուղերձ ունենք, որի անունն է ազատություն»,-ասել է Դանիելյանը, ինչից հետո սկսեցին վանկարկել freedom:

Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի 12-րդ լիագումար նստաշրջանի մասնակիցներին անգլերենով հարցեր է ուղղել ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը.

«Երկակի ստանդարտները ձեզ համար ավելի՞ կարևոր են, քան խոսքի ազատությունը, արդյոք նեղ քաղաքական շահերն ավելի կարևոր են, քան իրավունքներն ու ազատությունները։ Վերջին յոթ տարիների ընթացքում մենք տեսել ենք հազարավոր ձերբակալվածներ, նրանցից շատերն ազատազրկվում են միայն Նիկոլ Փաշինյանին, նրա իշխանությանը քննադատելու համար, և դուք ոչինչ չեք անում։ Դուք նախընտրում եք Նիկոլ Փաշինյանի ռեժիմը մարդու իրավունքների ու արժեքների փոխարեն»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում