Եթե Իսրայելը կրկին հարձակվի Իրանի վրա, իր համար ծանր հետևանք կունենա․ Արաղչի

Եթե Իսրայելը կրկին հարձակվի Իրանի վրա, իր համար ծանր հետևանք կունենա․ Արաղչի

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ Թեհրանը պատրաստ է Իսրայելի կողմից հնարավոր նոր հարձակմանը և, անհրաժեշտության դեպքում, կպատասխանա «խիստ և ցավալի հակահարվածով»։

Ալ Ջազիրա հեռուստաալիքին տված հարցազրույցում Արաղչին նշել է. «Մենք պատրաստ ենք ցանկացած սցենարի և ակնկալում ենք թշնամական պահվածք սիոնիստական ռեժիմից։ Մենք պատրաստվածության ամենաբարձր մակարդակում ենք։ Եթե Իսրայելը կրկին հարձակվի Իրանի վրա, այն հերթական պարտությունը կհատի»։

Նախարարը նշել է, որ Իրանը «իրական պատերազմի ընթացքում փորձարկել է սեփական հրթիռները» և մեծ փորձ է ձեռք բերել վերջին բախումների արդյունքում։

«Եթե սիոնիստական ռեժիմը կրկին պատերազմ սանձազերծի, դա իր համար կունենա ծանր հետևանքներ»,– ընդգծել է Արաղչին։

Նա նաև հավելել է, որ Իսրայելը փորձել է ընդլայնել պատերազմի աշխարհագրությունը՝ հարվածելով Իրանի նավթային օբյեկտներին, սակայն Թեհրանը կարողացել է կանխել պատերազմի տարածումը տարածաշրջանում։

«Սիոնիստական ռեժիմը երբեք չէր կարող Իրանի դեմ պատերազմ սկսել առանց ԱՄՆ-ի «կանաչ լույսի»։ Նեթանյահուն պատերազմի հանցագործ է, և տարածաշրջանը վերջապես համոզվեց, որ իր իրական թշնամին Իսրայելն է»,– ասել է Արաղչին։

Անդրադառնալով Իրանի միջուկային ծրագրին՝ Արաղչին նշել է, որ Թեհրանը պատրաստ է երկխոսության՝ սեփական ծրագրի խաղաղ բնույթը ապացուցելու համար։

«Հնարավոր է արդար համաձայնության հասնել, սակայն Վաշինգտոնը առաջ է քաշում անհնարին և անընդունելի նախապայմաններ։ Մենք երբեք չենք բանակցի մեր հրթիռային ծրագրի շուրջ․ դա կնշանակեր զենքից զրկվել, ինչը անխոհեմ քայլ կլինի»,– հայտարարել է նա։

Նախարարը շեշտել է, որ Իրանը չի պատրաստվում դադարեցնել ուրանի հարստացումը․

«Այն, ինչ հնարավոր չէ ստանալ պատերազմով, հնարավոր չէ ստանալ նաև քաղաքական ճանապարհով։ Մենք չենք բանակցի անմիջապես Վաշինգտոնի հետ, սակայն պատրաստ ենք անուղղակի երկխոսության»։

Արաղչին անդրադարձել է նաև ամերիկա-իսրայելական հարձակման հետևանքով վնասված միջուկային օբյեկտների վիճակին․ ըստ նրա՝ հարստացված ուրանը մնում է պայթեցված կառույցների տակ, սակայն տեխնոլոգիաները պահպանվել են։

Խոսելով Եվրոպայի երեք երկրների՝ Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Գերմանիայի՝ Իրանի դեմ պատժամիջոցների «սնափբեք» մեխանիզմը ակտիվացնելու որոշման մասին՝ նա հայտարարել է․

«Եվրոպացիների այդ քայլը անօրինական է, և դրա շուրջ միջազգային համաձայնություն գոյություն չունի։ Մեր առաջնահերթությունը հարևան երկրների հետ կապերի ամրապնդումն է, սակայն մենք պատրաստ ենք երկխոսության նաև Արևմուտքի հետ՝ առանց պարտադրանքի»։

Արաղչին խոսել է նաև Սիրիայի նոր իշխանությունների հետ հարաբերությունների մասին՝ ընդգծելով, որ Իրանը շարունակում է պաշտպանել Սիրիայի անկախությունն ու տարածքային ամբողջականությունը։

«Մենք դատապարտում ենք իսրայելական թշնամու հարձակումները Սիրիայի վրա և աջակցում ենք Դամասկոսի ինքնիշխանությանը»,– նշել է Իրանի արտգործնախարարը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում