Վախենում են, որ հասարակության և Սամվել Կարապետյանի շփման արդյունքում կարող են բաներ պարզվել, որոնց արդյունքում ՔՊ-ն կարող է շատ բան կորցնել. Կարապետյան

Վախենում են, որ հասարակության և Սամվել Կարապետյանի շփման արդյունքում կարող են բաներ պարզվել, որոնց արդյունքում ՔՊ-ն կարող է շատ բան կորցնել. Կարապետյան

Լրագրողների հետ զրույցում «Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանն ասել է․ «Մեր ընդդիմախոսներն ասում են, որ վտանգ չեն տեսնում մեր ուժի մեջ, վտանգ չեն տեսնում Սամվել Կարապետյանի նկատմամբ մեր հասարակության վերաբերմունքի մեջ, եթե վտանգ չեն տեսնում՝ ինչո՞ւ բաց չեն թողնում Սամվել Կարապետյանին։ Ինչո՞ւ են տևական ժամանակ բոլոր մեթոդները կիրառում, որպեսզի որքան հնարավոր է շատ նրան պահեն կալանքի տակ։ Ես կարող եմ ասել, որ վախենում են, որ մեր հասարակության և Սամվել Կարապետյանի շփման արդյունքում կարող է շատ բաներ պարզ լինեն, ու իրենք կարող են կորցնեն հասարակության մոտ ձևավորած այն վստահությունը, որ որոշ հատվածների մոտ կարողացել են ձեռք բերել՝ ֆեյք նորությունների արդյունքում»,-ասել է նա։

Անդրադառնալով ՀԷՑ-ի լիցենզիայից զրկելուն՝ Կարապետյանը շեշտել է, որ մինչև  Սամվել Կարապետյանի հայտնի հայտարարությունը՝ եկեղեցուն աջակցության վերաբերյալ, որևէ պրոցես ՀԷՑ-ի հետ կապված տեղի չէր ունենում։ «Այսինքն, ՀԷՑ-ը խլելու պրոցեսները հաջորդել են այդ հայտարարությանը»,-ասել է նա՝ հիշեցնելով միջազգային արբիտրաժային դատարանի որոշումը, որով ՀՀ կառավարությանը պարտավորեցրել էր կանգնեցնել գործընթաները։

«Այն, ինչ հիմա կատարվում է ՀԷՑ-ի հետ՝ հետևանք է Սամվել Կարապետյանի հայտարարության, որ ինքը պաշտպանում է Հայ Առաքելական սուրբ եկեղեցուն։ Մենք բիզների հետ կապված հետևանքները պատրաստ ենք կրել մեր համոզմունքների համար։ Մեր ղեկավարը պատրաստ է կալանավորված մնալ՝ իր համոզմունքների համար։ Իշխանության յուրաքանչյուր սխալ քայլ, էմոցիոնալ որոշում միլիոնավոր դոլարների վնաս է տալու Հանրապետությանը։ ՀԷՑ-ին լիզենզիայից զրկելուց հետո հարյուրավոր միլիոնների պարտավորություն է լինելու, որը վճարելու է Հայաստանի հանրապետության քաղաքացին»,-ընդգծել է Կարապետյանը։

«Ոչ մի լուրջ ընկերություն չի գալու գնի ՀԷՑ-ը , գալու են իրենց ընկերները։ Եվ Հայաստանում որակական զարգացում չենք ունենալու։ Արդյունաբերությունը, գյուղատնտեսությունն անկման մեջ է։ Որևէ մոտիվացիա չկա երկրում ներդրում անելու»։

Ըստ Նարեկ Կարապետյանի անցած տարի կատարվել է 70 մլն դոլարի ուղղակի ներդրում, իսկ հարևան Վրաստանում՝ 1, 9 մլրդ դոլար է, հիմնականում եվրոպական ներդրումներ։

«Եվրոպացիները օրինականությունն են գնահատում, որը Հայաստանում չեն տեսնում։ Ներդրումների համար անհրաժեշտ է միջավայր և ներդրումներո պաշտպանվածության համոզմունք, որը մեր երկրում չկա», – ասել է Կարապետյանը։

Անդրադառնալով Ռոմանոս Պետրոսյանի պնդմանը, թե Սամվել ու Նարեկ Կարապետյանները պետք է իրեն շնորհակալ լինեն, քանի որ նա ՀԷՑ-ում մեծ խնայողություններ է արել՝ Կարապետյանն ասել է, որ եթե չլիներ սեփականության իրավունքի ոտնահարումը՝ իրենք կարող էին դիտարկել, թե ինչ խնայողություններ է նա արել ու ինչ արդյունքներ է եղել։ «Սակայն կառավարչի նշանակումը եղել է սեփականության իրավունքի կոպիտ խախտմամբ, այդ պատճառով չենք կարող շնորհակալ լինել մեկին, ով կամա թե ակամա գործիք է հանդիսացել, որ Հայաստանում սեփականության իրավունք ոտնահարվի»,-նշել է նա՝ ընդգծելով, որ կառավարչի նշանակումը օրինական չէր, այդ պատճառով էլ ինքը ձեռնպահ է մնացել կառավարության անդամների հետ հանդիպումից։

Կարապետյանն, անդրադառնալով Էջմիածնի ընտրություններին, ասել է․ «Էջմիածնի ընտրություններից հետո ՔՊ-ականները այնպես էին ուրախացել, որ տպավորություն էր, թե չէին հավատում, որ որևէ տեղ ընտրություն կարող էին հաղթել այսքան պարտություններից հետո։

Այս ընտրությունները հայկական քաղաքական օրակարգում վերջիններից են, որտեղ պայքարում են մինչ հունիսի 18-ի ընդդիմությունն ու իշխանությունը։ Եվ այն ցույց տվեց, որ Նոր Ուժն է լինելու նոր հայկական հաղթանակի գրավականը»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում