Արցախյան պատերազմի պարտությունից հետո եկեղեցու դեմ առճակատում սկսվեց. Հայր Ռուբեն

Արցախյան պատերազմի պարտությունից հետո եկեղեցու դեմ առճակատում սկսվեց. Հայր Ռուբեն

Ռուբեն վարդապետ Զարգարյանը,  անդրադառնալով իշխանության կողմից եկեղեցու դեմ արշավին, նշել է․  «Ճնշումներն անմարդկային են։ Նաև սահմանադրության, սահմանադրականության խախտման հետ կապված հստակ դրսևորումներ կան»։

Նա նշել է, որ եկեղեցու քայլերն արվում են ժողովական ձևաչափով, եպիսկոպոսական, Գերագույն հոգևոր խորհրդի մակարդակով, նաև հայտարարությունների տեսքով։

Հարցին՝ չի՞ պատրաստվում եկեղեցին դիմել այլ քայլերի, Հայր Ռուբենն ասել է. «Եթե նկատի ունեք հանրահավաքներ, մանիֆեստացիաներ, չեմ կարծում, որ դա ճիշտ ճանապարհն է»։

Ռուբեն վարդապետ Զարգարյանը նշել է, որ եկեղեցու նկատմամբ բացասական վերաբերմունքը 2018 թվականից չի սկսվել, նախապատրաստական հիմքերը դրվել եմ դրանից առաջ սեմինարների, մարդկանց մտածողությունը փոխելու ուղղությամբ։

«Մենք այդ գործընթացը միշտ նկատել ենք, փորձել ենք հանրային ելույթների միջոցով զգուշացնել, որ հասարակությունն ամեն դեպքում չմոլորվի։ 2018 թվականից այս կողմ արդեն աստիճանաբար դրանք մտան ինստիտուցիոնալ փուլ՝ որոշակի օրենքների փոփոխություն, սահմանափակումներ։ Վերջին տարիներներին, հատկապես Արցախյան պատերազմի պարտությունից հետո, երբ հստակ հնչեց եկեղեցու կողմից վերաբերմունք, առճակատում սկսվեց»,- ասել է Հայր Ռուբենը։

Հարցին՝ ինչպե՞ս պետք է լուծվի խնդիրը, հոգևորականը պատասխանել է. «Հույս ունեմ՝ այս առճակատումից չի տուժի մեր պետականությունը, մեր սուրբ եկեղեցու միասնականությունը»։

Հայր Ռուբենը նաև ասել է, որ ազգային եկեղեցական ժողովը ձևավորում է  եկեղեցու  բոլոր թեմերից եկած ներկայացուցիչների կողմից, մեծագույն մասը դրսից է. «Հայաստանի ղեկավարը, եթե հավակնում է գահակալ փոխել, իմ գնահատմամբ, մանդատի չարաշահում է. Էջմիածնում նստող գահակալը միայն Հայաստանում գործող թեմերից կողմից չի ընտրվում»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում