Թուրքիան «Կենտրոնական Ասիա» տերմինը փոխարինում է «Թուրքիստան»-ով
Կարդացեք նաև
Թուրքիայի ազգային կրթության նախարարությունը հայտարարել է, որ դպրոցական ծրագրում «Կենտրոնական Ասիա» տերմինը փոխարինվում է «Թուրքիստան»-ով։ Թուրքիայի կրթության նախարար Յուսուֆ Թեքինը նշել է, որ այս փոփոխությունը կօգնի ամրապնդել համաթյուրքական միասնությունը։
Նախարարն ընդգծել է, որ նոր հասկացությունը պատասխան է այն խնդիրներին, որոնք, ըստ նրա, «նպատակային» են ներդրվել՝ թյուրքական աշխարհը «բաժանելու» համար։ Նրա խոսքով՝ թուրքական ուսումնական ծրագրում փոխվում են աշխարհագրական անունները, որոնք ունեն «կայսերական ենթատեքստ»։
«Մենք էական փոփոխություններ ենք կատարել և շարունակում ենք կատարել մեր ուսումնական ծրագրում, որը ձևավորում է մեր երեխաների և երիտասարդների ենթագիտակցությունը», — ընդգծել է Թեքինը։
Մասնագետները նշում են, որ այս փոփոխությունը ավելի լայն ռազմավարության մաս է, որի նպատակն է ամրապնդել թյուրքական աշխարհի ներքին կապերը, այդ թվում՝ ընդհանուր պատմության, գրականության, քարտեզների և այբուբենի ստեղծումը։
Նախկինում՝ հոկտեմբերին կայացած ԹՄԿ (Թյուրքական պետությունների կազմակերպություն) վեհաժողովում, առաջնորդները ներկայացրել էին երկար սպասված ընդհանուր թյուրքական այբուբենը՝ 34 տառից կազմված, որը կոչված է մեկտեղել լեզուները, ամրապնդել մշակութային կապերը և խթանել թվային նորարարությունները թյուրքական աշխարհում։
Հետևեք մեզ նաև Telegram-ում