Եպիսկոպոսաց ժողովը կարգազանց քահանաներին զղջալու հնարավորություն է տվել
Կարդացեք նաև
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Տեղեկատվական համակարգը որոշ մանրամասներ է հայտնել նախօրեին տեղի ունեցած եպիսկոպոսաց և թեմակալ առաջնորդների ժողովից։ Տարածված հաղորդագրության մեջ նշվում է.
«Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ 2025 թ. նոյեմբերի 25-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում գումարվեց հայաստանյան եպիսկոպոսների և թեմակալ առաջնորդների ժողով։
Ժողովին քննարկվեց վերջին շրջանում առանձին հոգևորականների կողմից Սուրբ Պատարագի արարողության ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսի և թեմակալ առաջնորդի անունների հիշատակության միտումնավոր զեղչման խնդիրը:
Եպիսկոպոսաց դասը դատապարտելի նկատեց սույն երևույթը՝ արձանագրելով, որ եկեղեցաբանական տեսանկյունից այն հակականոնական է և կարող է հանգեցնել հերձվածի։ Ընդգծվեց, որ նման գործողությունները ենթակա են խստագույն պատժի, եթե եկեղեցականը չզղջա և չսրբագրի իր հակականոնական ընթացքը սահմանված կարգով։
Ժողովը կարևոր նկատեց, որ հոգևորականները չտրվեն պառակտիչ գործողությունների և սադրանքների, պահպանեն միաբանության ոգին՝ հանուն Առաքելական մեր Սուրբ Եկեղեցու անսասանության և առավել զորացման»։
Հետևեք մեզ նաև Telegram-ում