Գյումրու Յոթ վերք եկեղեցում պատարագ կմատուցի «դրսից բերված» քահանա
Կարդացեք նաև
Այսօր առավոտյան հայտնի դարձավ, որ կիրակի օրը՝ դեկտեմբերի 7-ին, Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է պատարագի մասնակցել Գյումրու Յոթ վերք եկեղեցում։ Մինչ այդ, արդեն քանի օր է՝ տեղեկություններ են շրջանառվում, որ իշխանությունները Գյումրիում քահանա են փնտրում, որպեսզի իրականցնի պատարագի, իսկ Շիրակի թեմի բոլոր քահանաները հրապարակավ հայտարարել էին, որ չեն պատրաստվում պատարագի ժամանակ զեղչել Վեհափառի անունը։ Ի դեպ՝ այս փաստը երեկ կառավարությունում տեղի ուենցած բրիֆինգի ժամանակ հաստատեց Փաշինյանը՝ ընդգծելով, որ ինքը մասնակցում է այն պատարագներին,որտեղ չի հնչում Կաթողիկկոսի անունը։
Նշենք, որ օրեր առաջ Շիրակի թեմից հայտնել էին, որ Շիրակի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի և թեմի հոգևոր տեսուչ Գերաշնորհ Տեր Նարեկ եպիսկոպոս Ավագյանի օրհնությամբ, դեկտեմբերի 7-ին, ժամը 10:30-ին, Գյումրիի Սուրբ Աստվածածին Մայր եկեղեցում (Յոթ Վերք) իր անդրանիկ Սուրբ Պատարագը կմատուցի՝ նորաօծ Տեր Գառնիկ քահանա Ավոյանը:
Ըստ տեղեկությունների՝ տեր Գառնիկն այդ օրը չի լինելու պատարագիչը։ Նա այդ օրը պատարագ կմատուցի Գյումրիի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցում։
«Ես կարգադրություն ստացա, որ պատարագս մատուցեմ Ամենափրկիչ եկեղեցում։ Եթե թեկուզ Յոթ վերք եկեղեցում էլ պատարագեի, ես Վեհափառի անունը չէի զեղչի։ Շիրակի թեմից ոչ ոք չի լինի պատարագիչը, Յոթ վերք եկեղեցու ոչ մի սարկավագ, դպիր, ծառայող չկա։ Իրենք իրենց խմբով անելու են, երևի մի շրջիկ քահանա կբերեն, ով կանի պատարագը»,- հայտարարել է Տեր Գառնիկ քահանա Ավոյանը։
Նիկոլ Փաշինյանի հայտարարությունից Շիրակի թեմի հոգևոր տեսուչ Գերաշնորհ Տ․ Նարեկ եպիսկոպոս Ավագյանն էլ հայտնել է, որ ինքը վատառողջ է և չի մասնակցելու այդ պատարագին։
Եպիսկոպոսի խոսքով, իրեն ոչինչ չեն ասել, թե ով է պատարագ մատուցելու Յոթ վերքում, չնայած նրան, որ նախապես՝ դեռ մինչև Նիկոլ Փաշինյանի տեսաուղերձը, հայտարարվել էր, որ պատարագելու է Տեր Գառնիկ քահանան․
Գյումրեցի փաստաբան Կարապետ Պողոսյանն այս առիթով գրառում է կատարել, նշելով՝ «Գյումրու Սուրբ Յոթ վերք եկեղեցում պատարագ կմատուցի դրսից բերված ինչ որ մեկը, ԱԱԾ աշխատակիցների օգնությամբ»։
Հետևեք մեզ նաև Telegram-ում