Ես պատրաստ եմ անցկացնել նախագահական ընտրություններ․ Զելենսկի

Ես պատրաստ եմ անցկացնել նախագահական ընտրություններ․ Զելենսկի

Վլադիմիր Զելենսկին, խոսելով Ուկրաինայում նախագահական ընտրություններ անցկացնելու մասին, հայտարարել է, թե քանի որ այս հարցը բարձրացնում են Միացյալ Նահանգների նախագահը և մեր եվրոպացի գործընկերները, ես կարճ կլինեմ` ես պատրաստ եմ։

«Վաղը ես կլինեմ Ուկրաինայում և սպասում եմ մեր գործընկերներից և օրենսդիրներից առաջարկներ իրավական փոփոխությունների վերաբերյալ, որոնք թույլ կտան ընտրություններ անցկացնել ռազմական իրավիճակում: Ես խնդրում եմ Միացյալ Նահանգներին Եվրոպայի հետ միասին ապահովել քվեարկության անվտանգությունը: Եթե դա արվի, Ուկրաինան կկարողանա ընտրություններ անցկացնել 60 օրվա ընթացքում», — հավելել է նա:

Զելենսկին ասել է, որ ինքը նորից է կրկնում տարիներ առաջ խոսքերը, որ Ուկրաինան կցանկանար վերադարձնել Ղրիմը և միանալ ՆԱՏՕ-ին, սակայն ընդունում է, որ դրա համար պայմաններ ներկայում չկան։

«Մենք հաստատ գիտենք, որ ո՛չ ԱՄՆ-ն, ո՛չ էլ մի շարք այլ երկրներ, անկեղծ ասած, դեռևս չեն տեսնում Ուկրաինային ՆԱՏՕ-ում։ Եվ Ռուսաստանը, իհարկե, երբեք մեզ այնտեղ չի տեսնի», – ասել է Զելենսկին։

Նշենք, որ երեկ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Զելենսկին պատերազմը չի դադարեցնում, որովհետև չի ուզում նախագահական ընտրություններ անցկացնել:

«Ժամանակն է Ուկրաինայում նախագահական ընտրություններ անցկացնելու, դրանք արդեն չափազանց երկար ժամանակ չեն անցկացվել»,- Politico–ին տված հարցազրույցում հայտարարել էր Թրամփը։ ԱՄՆ նախագահը նաև ասել է, որ Զելենսկին պետք է հավաքի իրեն և սկսի ընդունել առաջարկները, քանի որ նա մարտի դաշտում պարտվում է: Ավելին, ըստ Թրամփի, վաղուց պարզ էր, որ Ուկրաինան ՆԱՏՕ չի մտնի:

«Ռուսաստանը հաղթում է Ուկրաինայի պատերազմում։ Զելենսկին համոզեց «խաբեբա» Ջո Բայդենին իրեն 350 միլիարդ դոլար հատկացնել։ Տեսեք՝ ինչ ստացավ փոխարենը․ երկրի մոտ 25 տոկոսը կորսված է։

Ուկրաինայի պատերազմում առավելությունը Ռուսաստանի կողմն է եղել և մնում է։ Ուկրաինայի պատերազմը «մեծ խնդիր է Եվրոպայի համար, և նրանք այն լավ չեն կառավարում»,- այսպիսի թեզեր է բարձրաձայնել Թրամփը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում