Անհայտ կորածների հարազատներն անորոշության մեջ են, ենթարկվում են հոգեբանական խոշտանգման․ Սահակյան

Անհայտ կորածների հարազատներն անորոշության մեջ են, ենթարկվում են հոգեբանական խոշտանգման․ Սահակյան

«Անհետ կորածների հարցը` որպես մարդու իրավունքների չլուծված հրատապ խնդիր» թեմայով  քննարկման ժամանակ  իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը նշել է․ «Անհայտ կորածների խնդիրը բազմաշերտ է։ Ունենք գերիների չլուծված խնդիր, սակայն համեմատելու դեպքում գոնե գերիների պարագայում մենք գիտենք նրանց գտնվելու վայրը։ Կա որոշակի աշխատանք, որի կատարումը կարող է հանգեցնել այս խմբի ազատ արձակման, իսկ անհայտ կորածների պարագայում մենք չենք կարող նրանց վերադարձնել, քանի դեռ չենք պարզել նրանց ճակատագիրը և առանց արդյունավետ քննության, որոնողական գործողությունների, համագործակցության՝ մենք պարզապես չունենք տեղեկատվություն՝ նրանց  գտնվելու վայրի, վիճակի, ողջ կամ մահացած լինելու վերաբերյալ, ինչն անորոշություն է ստեղծում»։

Իրավապաշտպանն ընդգծել է, որ անհետ կորած  անձանց հարազատները, որոնք տևական ժամանակ ոնորոշության մեջ են, իսկ պետական գործելակերպը չի հանգեցնում տեղաշարժերի, նրանք ունենում են այնպիսի տառապանքներ, որոնք հաղթահարում է հոգեբանական խոշտանգման շեմը։ Այսինքն՝ գործ ունենք մի շերտի հետ, որը շարունակաբար խոշտանգման զոհ է դառնում, մինչդեռ, դա արգելված է, դա բացարձակ արգելք է։ Հարցն, իրավապաշտպանի գնահատմամբ, ունի երկու հարթություն՝ միջպետական և ներպետական։ Միջպետականն առնչվում է Ադրբեջանին, ցավոք, անհայտ կորած անձանց վերջին հայտնի գտնվելու վայրը գտնվում է Ադրբեջանի վերահսկողության սահմաններում, հնարավոր չէ ՀՀ իրավապահների կողմից գործողություններ իրականացնել այդ հատվածներում։  Ինչ վերաբերում է ներքին խնդիրներին, ապա Սահակյանն ընդգծել է, որ ՀՀ-ում բացակայում է անհայտ կորած անձանց իրավական կարգավիճակն ամրագրող օրենք։

Սահակյանի դիտարկմամբ՝ ՀՀ-ում պետք է օր առաջ ստեղծվի և ուժի մեջ մտնի անհետ կորած անձանց իրավական կարգավիճակն ամրագրող օրենքը, որին այնուհետև կհաջորդի պետության միասնական ու որոշակիացված քաղաքականությունը։  Նրա խոսքով՝ ՀՀ օրենսդրությունն այսօր ունի տարբեր դրույթներ, որոնք ցրված են տարբեր օրենքներում, իրավունքի ճյուղերում, կան բազմաթիվ պատասխանատուներ, սակայն ձևավորված չէ կենտրոնական մարմին, ում պատասխանատվության ներքո այս խնդիրները պետք է լուծում ստանան։

Հետևեք մեզ նաև Telegram-ում