ՀՅԴ երիտասարդները ՄԱԿ-ին փոխանցել են նամակ՝ Բաքվում գտնվող հայ գերիների ազատ արձակման պահանջով
Կարդացեք նաև
Մարդու իրավունքների պաշտպանության օրը ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության անդամները բողոքի ակցիա են իրականացրել ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի դիմաց՝ Բաքվում պահվող գերիների լուսանկարներով։ Ակցիայի նպատակն է եղել միջազգային կառույցների ուշադրությունը հրավիրել Բաքվում ապօրինաբար պահվող հայ ռազմաքաղաքական գերիների ազատ արձակման խնդրին։
«Այսօր միջազգային համայնքը նշում է մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի ընդունման օրը. այն փաստաթուղթը, որը ձևակերպեց համամարդկային արժանապատվության, ազատության և իրավական անվտանգության հիմքերը։ Այս օրը կարևոր առիթ է ոչ միայն հռչակագրի ծնունդը հիշելու, այլև վերահաստատելու հավատարմությունը նրա սկզբունքներին, որոնք պարտադիր են բոլոր պետությունների համար՝ անկախ քաղաքական, աշխարհագրական կամ ռազմական հանգամանքներից։ 21-րդ դարում տեղի են ունենում կեղծ դատավարություններ հայ ռազմագերիների դեմ, որտեղ խախտվում են նրանց իրավունքները։ Հայ ռազմագերիների պահման պայմանների վերաբերյալ հասանելի տեղեկությունները ցույց են տալիս մի շարք հիմնարար խնդիրներ. գերիները երկար ժամանակ զրկված են ընտանիքի հետ կապ հաստատելու հնարավորությունից, ինչը խախտում է միջազգային մարդասիրական իրավունքի կարևոր պահանջներից մեկը»,- նշել է ակցիայի մասնակիցներից մեկը։
Ակցիայի շրջանակում երիտասարդները նամակ են փոխանցել ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակին՝ պահանջելով հետևողականություն, գործուն մեխանիզմների կիրառում, Բաքվի վրա ճնշումներ, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների անխոչընդոտ մուտք Բաքվի բանտեր ապահովել։
Հետևեք մեզ նաև Telegram-ում