Օրհներգը հնչեցնել նախ կառավարության նիստից առաջ, ոչ թե առաքելահիմն Եկեղեցում․ Շուշանյան

Օրհներգը հնչեցնել նախ կառավարության նիստից առաջ, ոչ թե առաքելահիմն Եկեղեցում․ Շուշանյան

Տավուշի ծխական խորհրդի անդամ, նախկին փոխնախարար Լիլյա Շուշանյանը գրում է․ «Կիրակնօրյա անդրադարձ մեր Օրհներգին ու Հայ Առաքելական Եկեղեցուն

Օրերս համացանցում քննարկվում էր եկեղեցիներում պատարագներից առաջ՝ ժամը 10:55-ին, ՀՀ պետական օրհներգը հնչեցնելու գաղափարը։

Անձամբ ես մշտապես եղել եմ ՀՀ պետական խորհրդանիշները՝ Արարատով Զինանշանը, եռագույն Դրոշը և Օրհներգը, բոլոր պատեհ վայրերում և առիթներին լսելի ու տեսանելի դարձնելու կողմնակիցը։ Ավելին, այդ պահանջը հատկապես սուր եմ զգացել այն պահին, երբ տեսել եմ Ստամբուլում լայնորեն տարածված, մեծածավալ թուրքական դրոշները՝ ի հակադրություն մեր համայնքներում և դպրոցներում հաճախ հազիվ նշմարվող, երբեմն էլ խնամքի բացակայությունից քրքրված հայկական դրոշների։ Ինքս սահմանային մի կետում հայկական եռագույնի պատշաճ ներկայացված լինելու հարցով անձամբ դիմել եմ Արտաքին գործերի նախարարության գործընկերներին։ Եվ հավատացեք՝ նման օրինակներ շատ կարող եմ բերել։ Ուստի և, իրավունք եմ վերապահում կարծիք հայտնելու. թեմայի շուրջ խոսելիս առաջին հերթին անհրաժեշտ է մտածել՝ պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում մեր խորհրդանիշներն ի՞նչ ծավալով, ի՞նչ որակով և ի՞նչ խնամքով են ներկայացված։ Եվ միայն դրանից հետո անցնել այլ հարթություններում դրանց կիրառելիության քննարկմանը։

Առաջարկված գաղափարի և վերոնշյալ դիտարկումների համադրումով՝ առավել տեղին և օրինակելի կլիներ, եթե յուրաքանչյուր հինգշաբթի օրը, ՀՀ կառավարության նիստից 5 րոպե առաջ՝ ժամը 10:55-ին, հնչեր Հայաստանի Հանրապետության պետական օրհներգը (կառավարության նիստը միևնույնն է հոտնկայս է սկսվում)։ Սա կլիներ ոչ միայն խորհրդանշական, այլև ինստիտուցիոնալ ուղերձ՝ պետական իշխանության բարձրագույն մարմնի կողմից պետական խորհրդանիշների արժևորման վերաբերյալ։ Ազգընտիր խորհրդարանի նիստերից առաջ օրհներգի բացակայության մասին դեռ չեմ խոսում։

Հստակեցնելով իմ դրական վերաբերմունքը պետական խորհրդանիշների պատշաճ տեսանելիության ապահովման և դա իրականացնելու առաջնահերթությունների վերաբերյալ՝ այնուամենայնիվ, կուզենայի առավելապես անդրադառնալ ոչ թե բուն առաջարկին, այլ դրա հիմնավորմանը։ Մասնավորապես՝ այն մտքին, ըստ որի «301 թվականին Հայ առաքելական եկեղեցին ստեղծվել է պետության կողմից՝ պետության որոշմամբ»։ Ճշմարիտ է, որ նշված թվականին Հայաստանը հռչակեց քրիստոնեությունը պետական կրոն, երբ Հռոմեական կայսրությունը 313թ. Միլանի հրովարտակով միայն դեռևս «հանդուրժելի կրոն» ճանաչեց այն։

Այդուհանդերձ, չմոռանանք, որ այն պատահական չի կոչվում ՀԱՅ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻ, քանզի իրավամբ ծագել է սուրբ առաքյալների քարոզչությամբ և շարունակվել իրենց հետնորդներով։ Իսկ «եկեղեցին», ինչպես նշում է Աբել արք. Մխիթարյանցի «Պատմութիւն ժողովոց Հայաստանեայց Եկեղեցւոյ, հանդերձ կանոնադրութեամբ» մեկնաբանվում է որպես հավատքի հիմքը, և ոչ թե՝ այն, «որ ի քարանց և փայտից շինեալ է»։

Ստ. Օրբելյանը հաղորդում է, որ Բարդուդիմեոս առաքյալը քարոզել է Որդվատոում (ներկայիս Օրդուբադը Նախիջևանում է), Արևիքում, Բաղքում և Գողթնում, «նրանց համար վերակացու է նշանակում…։ Իր աշակերտներից մեկին՝ Կումսի անունով, ձեռնադրելով եպիսկոպոս ու նրան հանձնելով Սուրբ Հոգուն՝ ինքը գալիս է Վանանդ գյուղը»։ Մինչ Լուսավորիչը Արտազ գավառում եղած եպիսկոպոսների մասին տեղեկությունները հաստատվում են նաև այլ աղբյուրներում, որոնց հիմա չանդրադառնանք։

Հայաստանում կաթողիկոսական աթոռն օրգանական շարունակությունն էր Թադեոս և Բարդուղիմեոս առաքյալների, նրանց հաջորդած քարոզիչների, եպիսկոպոսների և քրիստոնեական վարդապետությունը ընդունած և շուրջ 250-ամյա անձնվեր աշխատանքի։ Հայոց եկեղեցու պատմաբանների ամենակարկառուն ներկայացուցիչ Մաղաքիա արք. Օրմանյանը հատուկ ուշադրություն է դարձրել 1-3-րդ դարերում Հայաստանում քրիստոնեության հիմնման փաստերը ավանդելու կարևորությանը, որպեսզի ցույց տրվի երեք դարերի անընդհատ-շարունակական պատմությունը, քանի որ «անծանօթ չեն նորերէն շատերուն Հայոց Առաքելական եկեղեցն և Հայոց առաքելական քրիստոնէութիւնը ուրանալու մարմաջը»՝ իր «Ազգապատում»-ում հիշատակելով այդ տեղեկություններն ու պահպանված վկայությունները։ Նա նշել է, որ «Ազգային հին մատենագիրներ փոյտ չեն ունեցած այդ շարունակութեան խնդրով զբաղիլ, թէպէտ ընդարձակօրէն խօսած են սկզբնաւորութեան վրայ», սակայն դա պետք էր անել, «որպեսզի կապակցութիւնն ու շարունակութիւնը արդարանար, եւ Հայոց առաքելական քարոզութան ջնջելուն, եւ Գրիգորով նորին որոյ սկսելուն բարուրանքը հերքուէր»,  «Նոյնիսկ ամենէն հաստարմատ ծառ՝ իր բունը կտրելէն 200 կամ 250 տարի ետքը վերստին ընձիվղ չ’արձակէր»։

Այո, Հայոց առաքելական եկեղեցին և հայոց առաքելական քրիստոնեությունը ծագել են դեռ առաջին դարում, իսկ պետականացվել խոհեմ Տրդատ Գ-ի գլխավորւթյամբ ՀԱՄԱԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ԺՈՂՈՎԻ կողմից կաթողիկոսի կարգմամբ, ով և հետագայում ՁԵՌՆԱԴՐՎԵԼ Է ԿԵՍԱՐԻԱՅՈՒՄ։ Խոհեմ, քանի որ այն ժամանակ արդեն իսկ տարածում գտած քրիստոնեությունը պետությանն այդքան անհրաժեշտ միասնականոության հզոր ուժ էր, ինչպես նաև դեռ հեթանոս Հռոմեական կայսրությունից և զրադաշտ Պարսկաստանից քաղաքական ինքնուրույնության և ազգային ինքնության լրացուցիչ լծակ։

Ուստի, 301 թվականին, արդեն իսկ սուրբ առաքյալներով և նրանց հետնորդներով հիմնված հայ առաքելական քրիստոնեությունը պետականացվեց և համազգայնացվեց, ինչն այդքան անհրաժեշտ էր պետությանը։

Ավելին, Հայ Առաքելական եկեղեցին 301 թվականից շարունակեց իր 17-ԴԱՐՅԱ ԱՆԸՆԴՀԱՏՈՒԹՅՈՒՆԸ՝ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ և ԱՌԱՆՑ ՊԵՏԱԿԱՆ ԿՐՈՆ ԼԻՆԵԼՈՒ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ։ Այդ ամբողջ ընթացքում պահպանեց հայ ազգը, մշակույթը ու հայի ինքնությունը և հային հասցրեց դեպի նոր պետականության հանգրվան։

հ.գ. Լավ առիթ էր հավատքիս պատմությունն ու իմ հիշողությունը թարմացնելու համար։ Նկարում Սուրենյանցի իմ սիրելի գործերից մեկը՝ «Քրիստոսի դեմքը.Դաստառակ»»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում