Պնդում ենք՝ «Իմնեմնիմի» հաղորդման եթերում երբևէ չի հնչել սեռական բնույթի հայհոյանք. Բաբայան
Կարդացեք նաև
Օրերս լրացել է «Իմնեմնիմի» հաղորդման հեղինակներ Վազգեն Սաղաթելյանի և Նարեկ Սամսոնյանի կալանավորման մեկ ամիսը։ Վերջիններիս պաշտպաններն այս կապակցությամբ մամուլի ասուլիս են հրավիրել՝ ևս մեկ անգամ նշելու, թե այդ ամենն ինչից սկսվեց։
Վազգեն Սաղաթելյանի պաշտպան Արսեն Բաբայանը նշել է․ «Այս ամենը սկսվեց Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հետ նոյեմբերի 7-ին 7 ժամից ավելի տևած հարցազրույցից։ Հարցազրույցին հաջորդեցին իշխանության կողմից 24-ժամյա ռեժիմով անդադար գրառումները։ Ակնհայտ էր, որ SMS-ով կամ ինչ-որ մի կերպ հրահանգված էր, որ պետք է ամեն մեկն ինչ-որ մի վատ բան խոսի։ Ստացվեց, որ ամենավատը դուրս եկավ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, ով շատ անշնորհք բառապաշարով գրառում արեց, մեր ընկերներին վիրավորական բառեր ասաց։ Դրան ի պատասխան՝ «Իմնեմնիմի»-ի հաջորդ թողարկման ժամանակ տղաները պատասխանեցին այդ արտահայտությանը։ Վստահ կարող եմ ասել, որ համարժեք արձագանք էր։ Դրան հաջորդեց Ալեն Սիմոնյանի կողմից հաղորդում, որից անմիջապես հետո քննչական մարմինը, ԱԱԾ դիմակավորված անձինք այցելեցին Նարեկի և Վազգենի բնակարաններ, իրականացրեցին խուզարկություններ, խուզարկեցին նաև «Անտիֆեյք» կայքի գրասենյակը և շտատիվ առ շտատիվ հավաքեցին ու տարան ՔԿ»։
Ըստ նրա՝ տեխնիկայի առգրավման նպատակն այն էր, որ լրատվամիջոցը չկարողանա աշխատել. «Արդեն մեկ ամիսը լրացել է, ինչ տղաները գտնվում են կալանքի տակ։ Մենք մի անգամ այս փորձության միջով անցել ենք։ Տղաներն այն ժամանակ արդրացվեցին։ Այս նոր գործով էլի նույն մարդիկ են՝ նույն քննիչները, դատախազները, որոնք էլի նույն պրոցեսը սկսեցին։ Ակնհայտ է, որ սա չէր կարող այսպես լինել, եթե դրա տակ քաղաքական նպատակ չլիներ։ Իշխանությունը փորձ է անում անդադար հրապարակ նետել այն, թե իբր տղաները տվել են սեռական բնույթի հայհոյանքներ։ Թե՛ նախկինում, թե՛ հիմա պնդում ենք՝ «Իմնեմնիմի» հաղորդման եթերում երբևէ չի հնչել սեռական բնույթի հայհոյանք, ինչպես նաև որևէ սպառնալիք»,-ասել է Բաբայանը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում