Լեմկինի ինստիտուտը Թրամփին կոչ է արել Սուրբ Ծննդյան տոներից առաջ ազատ արձակել Ադրբեջանում գտնվող հայ բանտարկյալներին
Կարդացեք նաև
Լեմկինի ինստիտուտը Սուրբ Ծննդյան տոներից առաջ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին կոչ է արել անհապաղ միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից անօրինական կերպով պահվող հայ բանտարկյալներին ազատ արձակելու համար, նշել է կազմակերպությունը ԱՄՆ նախագահին ուղղված բաց նամակում։
«Այս պատանդները գործնականում լքված են արտաքին աշխարհի կողմից, չնայած նրանց պահում է մի պետություն, որը վերջին հինգ տարիների ընթացքում հայերի դեմ երեք ցեղասպանական պատերազմ է մղել։ Նրանց ազատ արձակումը նախագահի համար մեծ մարդասիրական և աշխարհաքաղաքական հաղթանակ կլինի և կամրապնդի նրա ջանքերը՝ Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում երկարատև խաղաղություն ապահովելու համար»,- ընդգծվում է բաց նամակում։
Լեմկինի ինստիտուտը նշում է, որ քանի որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ձգտում է ցուցադրել ԱՄՆ ուժը համաշխարհային մակարդակով, հայ քրիստոնյա պատանդներին Ադրբեջանից ազատելու հաջող ջանքերը կամրապնդեն նրա ազդեցությունը ոչ միայն Ադրբեջանի, այլև Իսրայելի և Թուրքիայի վրա։
Ինչպես ընդգծում է կազմակերպությունը, ԱՄՆ այս երկու դաշնակիցները «սովորել են շեղել ուշադրությունը, անկախ նրանից, թե որքան անօրինական, անբարոյական կամ ԱՄՆ ազգային անվտանգության շահերին հակասող է նրանց քաղաքականությունը»։
«Կարծում ենք՝ բոլոր հայ պատանդների վերադարձի աջակցությունն ու ապահովումը կընդգծի նախագահ Թրամփի հայտարարած առաքելությունը՝ տարածաշրջանում Միջերկրական ծովից մինչև Խաղաղ օվկիանոս խաղաղություն հաստատելու և ամրապնդելու ԱՄՆ-ի իշխանությունը։ Թեև նախագահ Թրամփը բազմիցս ընդգծել է իր դերը կայունության խթանման և հետագա հակամարտությունների կանխարգելման գործում, այս առաքելությունը մնում է թույլ, քանի դեռ Ադրբեջանը շարունակում է անհայտ թվով հայ ռազմագերիներ պահել։
Նախագահին հիշեցնում ենք, որ իր քարոզարշավի ժամանակ նա խոստացել է պաշտպանել հայ քրիստոնյաներին։ Հայ Առաքելական եկեղեցու քրիստոնյաները Սուրբ Ծնունդը նշում են հունվարի 6-ին։ ԱՄՆ նախագահին կոչ ենք անում մինչ այդ պատանդներին վերադարձնել իրենց ընտանիքներին»,- ասված է Լեմկինի ինստիտուտի նամակում։
Հետևեք մեզ նաև Telegram-ում