Արդյո՞ք գիտեն, թե ՊԱԿ-ի հետ ո՞ր ուղղությամբ և ի՞նչ նպատակով են համագործակցել․ Սերժ Սարգսյան

Արդյո՞ք գիտեն, թե ՊԱԿ-ի հետ ո՞ր ուղղությամբ և ի՞նչ նպատակով են համագործակցել․ Սերժ Սարգսյան

Լրագրողների հետ զրույցում ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, արձագանքելով իշխանական մամուլում տեղ գտած հրապարակմանը, թե Վեհափառ Հայրապետի եղբայրը՝ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը «КГБ գործակալ» է եղել, ասել է․ «Ես այդպիսի տվյալներ չունեմ, այդպիսի ինֆորմացիայի չեմ ծանոթացել, ո՛չ ԱԱԾ ղեկավար եղած ժամանակ, ո՛չ նախագահ եղած ժամանակ, ես երբեք այդպիսի հարցերով չեմ հետաքրքրվել, թե ով է համագործակցում ԱԱԾ-ի հետ։

Չեմ հետաքրքրվել, թե ով է համագործակցում ԱԱԾ-ի հետ, առավել ևս՝ ով է համագործակցել ԽՍՀՄ ՊԱԿ-ի կամ այլ հատուկ ծառայությունների հետ։ Ես դրա իմաստը չեմ տեսնում։ Լավ, ենթադրենք որևէ մեկը համագործակցել է ԽՍՀՄ հատուկ ծառայությունների հետ։ Բայց նրանք, ովքեր դա շատ մեծ բացասական բան են համարում, արդյո՞ք գիտեն, թե որ ուղղությամբ է համագործակցել, իսկ եթե համագործակցել է կոնկրետ հետախուզության ուղղությամբ, այդ մարդը այդ երկրին, այդ ԽՍՀՄ-ին, որի կազմում նաև Հայաստանն էր, օգո՞ւտ է բերել, թե՞ վնաս է բերել»:

Նախագահ Սարգսյանը նշել է, թե այդպիսի տվյալներ հրապարակելուց առաջ անհրաժեշտ է հասարակությանը ծանոթացնել շատ նրբերանգների։ «Եթե դա չի լինում, ուրեմն դա ոչ այնքան լեգիտիմ նպատակ է հետապնդում»,-ասել է Սարգսյանը։

Սերժ Սարգսյանը,  արձագանքելով հարցին, թե Ադրբեջանից Հայաստան եկող նավթամթերքն, ըստ իշխանությունների, դիվերսիֆիկացիայի տիրույթում պետք է դիտարկել, ընդգծել է․ «Խորհուրդ եմ տալիս լուրջ չվերաբերվել իշխանությունների, կառավարիչների կողմից արված հայտարարություններին։ Հիշո՞ւմ եք 10 մլն ծառի պատմությունը, «Հաղթելու ենք»-ը, և այդպիսի տասնյակ օրինակներ կարող եմ բերել։ Դիվերսիֆիկացիան մի քիչ այլ հասկացողություն է, թող փորձեն»։

Սերժ Սարգսյանից լրագրողները հետաքրքրվել են, թե Էդմոն Մարուքյանն ընդդիմադիր դաշտին համախմբման կոչ է արել՝ «Նիկոլ Փաշինյանին թոշակի ուղարկելու համար», ի՞նչ որոշում ունի սրա վերաբերյալ ՀՀԿ-ն․ «Անկեղծ ասած, տեղյակ չեմ այդ հայտարարությանը։ Ծանոթ եմ Իշխան Սաղաթելյանի հայտարարությանը։ Նա եկել է, և բոլոր այդ դրույթները, որ նաև Իշխան Սաղաթելյանը շարադրել է գրավոր, մեզ վաղուց ծանոթ է, վաղուց դրա մասին խոսում ենք։ Կարևորը հայտարարություն անելը չէ, կարևորն այն է, որ բոլորը գիտակցեն, որ տակից, կողքից, կամ բացահայտ իրար չքննադատեն, հատկապես՝ Հանրապետականին»,-ասել է նախագահը։

Անրադառնալով Կայա Կալլասի օրերս արված հայտարարությանը՝ ՀՀ 3-րդ նախագահն ասել է․ «Կայա Կալլասը հայտարարեր, թե չհայտարարեր, մենք ակնհայտ տեսնում ենք եվրոպական կառույցների բացահայտ աջակցությունը այսօրվա կառավարիչներին։

Արձագանքելով հարցին, թե հնարավոր համարո՞ւմ է, որ Հայաստանում էլ մոլդովական սցենար կրկնվի, ինչի համար էլ ԵՄ-ից աջակցում են Հայաստանին, Սարգսյանն ասել է․ «Չեմ կարծում, որ ինչ-որ մի երկրում տեղի ունեցած իրադարձությունները նույնությամբ կարող են կրկնվել մեկ այլ երկրում։ Ես մանրամասնորեն չգիտեմ, թե Մոլդովայում ինչ է եղել, որ հիմա ասեմ՝ Մոլդովայի սցենարն այստեղ կրկնվելո՞ւ է, թե՞ ոչ»։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում