Խոչընդոտվել է բժշկական կենտրոնում ծառայություն իրականացնող հոգևոր տեսուչի այցը Սրբազանին

Խոչընդոտվել է բժշկական կենտրոնում ծառայություն իրականացնող հոգևոր տեսուչի այցը Սրբազանին

ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում պատգամավոր Գեղամ Մանուկյանի հետ այցելել է Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին։

«Զրուցեցինք Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու շուրջ վերջին օրերին տեղի ունեցող զարգացումներից: Սրբազանն իր ափսոսանքն ու վրդովմունքը հայտնեց տիրադավ եպիսկոպոսների նախաձեռնության, վերջիններիս աջակցելու եկած և խուլիգանական պահվածք ցուցաբերող պաշտոնյաների, Մայր Աթոռի դուռը կոտրել փորձելով ներխուժելու իրադարձության շուրջ՝ այն որակելով որպես խայտառակություն և մեծագույն ամոթ:

Այս պահին Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը անցնում է բուժման կուրս, որից հետո տեղի կունենա վիրահատությունը: Հստակ օրը առայժմ հայտնի չէ։

Սրբազանը հայտնեց նաև մի մտահոգիչ տեղեկություն, ըստ որի, իրեն չի թույլատրվել մասնակցելու կիրակնօրյա Պատարագին, և խոչընդոտվել է բժշկական կենտրոնում ծառայություն իրականացնող հոգևոր տեսուչի այցը Սրբազանին: Սա խղճի և կրոնի ազատության խախտում է:

Այդուհանդերձ, Սրբազանը շարունակում է դրսևորել բացառիկ կամք՝ հավատալով, որ մեր արժեքների շուրջ համախմբումը հաղթելու է երկրում հաստատված չարիքին և ատելության մթնոլորտին:

«Երանի՜ նրանց, որ քաղցն ու ծարավն ունեն արդարության, որովհետև նրանք պիտի հագենան»»,- նշել է Դանիելյանը:

Գյումրու ավագանու «Մեր քաղաքը» դաշինքի ղեկավար, ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության Մարտուն Գրիգորյանը ևս այցելել է Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին՝ նշելով․ «Հենց նոր դուրս եկա «Իզմիրլյան» բժշկական կենտրոնից: Այստեղ են տեղափոխել Շիրակի թեմի առաջնորդ Տեր Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին`վիրահատության նպատակով: Սակայն վիրահատությունը դեռ ձգձգվում է` պայմանավորված Սրբազանի առողջական այլ խնդիրներով: Բժիշկներն այս պահին առողջական վիճակի կայունացման ուղղությամբ են աշխատում, երբ Սրբազանի օրգանիզմը լիարժեք պատրաստ լինի` այդ ժամանակ նոր կանեն վիրահատությունը:

Չնայած ունեցած առողջական լուրջ խնդիրներին, երբ հարցնում ենք որպիսությունը` իրեն բնորոշ ուժեղությամբ ու տոկունությամբ պատասխանում է.

-Լավ եմ, փառք Աստծո:

Բավականին երկար զրույց եմ ունեցել Սրբազանի հետ, բնականաբար, հետաքրքրվում էր հայրաքաղաք Գյումրիով ու Շիրակի մարզով և փոխանցեց իր ողջույնները բոլորիդ»,-գրել է Գրիգորյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում