Կալասը հայտարարել է Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների 20-րդ փաթեթի մասին

Կալասը հայտարարել է Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների 20-րդ փաթեթի մասին

ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը Բեռլինում Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ նշել է, որ Եվրամիությունը մտադիր է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 20-րդ փաթեթը պատրաստել փետրվարին:

Նա նշել է, որ ներկայում մեծ ջանքեր են գործադրվում դիվանագիտական միջոցներով խաղաղության հասնելու համար, սակայն Ռուսաստանը շարունակում է գնդակոծել Ուկրաինան։ «Դառը ճշմարտությունն այն է, որ այս պատերազմը կարող է երկար շարունակվել, եթե մենք այն դադարեցնելու համար հավաքական կերպով ավելի շատ ճնշում չգործադրենք Ռուսաստանի վրա»,- ասել է Կալասը մամուլի ասուլիսում, որից հատված է տեղադրել X-ի իր էջում։ Կալասի խոսքով՝ ԵՄ-ն Ուկրաինային կտրամադրի 90 միլիարդ դոլար՝ առաջիկա երկու տարում պետական ապարատի աշխատանքը և պաշտպանությունն ապահովելու համար։

«Մենք նաև առաջ ենք մղում պատժամիջոցների 20-րդ փաթեթը և մտադիր ենք այն ավարտել հաջորդ ամսին: (Խմբ.՝ ՌԴ նախագահ) Պուտինը բանակցությունները լուրջ կընդունի միայն այն դեպքում, եթե մենք նրան ստիպենք», – հայտարարել է ԵՄ դիվանագիտության ղեկավարը: Կալասն ընդգծել է, որ քննարկվում է նաև Եվրոպայի անվտանգության հարցը, քանի որ «Ռուսաստանի նկրտումներն ավելի հեռուն են գնում, քան Ուկրաինան», հետևաբար, եվրոպական երկրներն ապահով պահելու համար «հարկավոր է կատարելագործել պաշտպանական պատրաստվածությունը»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում