Նիկոլ Փաշինյանի հեռացման հիմքերում պետք է լինի նաև իրական դաշտ՝ իրական ընդդիմադիր ուժերի. Տիգրան Աբրահամյան

Նիկոլ Փաշինյանի հեռացման հիմքերում պետք է լինի նաև իրական դաշտ՝ իրական ընդդիմադիր ուժերի. Տիգրան Աբրահամյան

Եռաբլուրում ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանն ասել է․ «Մեր ժողովրդի համար այս խորհրդանշական և կարևոր օրը, առաջին հերթին պետք է հարգանքի տուրքը մատուցենք, մեր բոլոր այն հայորդիներին, ժողովրդի զավակներին, ովքեր մասնիկն են Հայոց բանակի, և իրենց մասնակցությամբ ներդրում են ունեցել Երրոդ հանրապետության ԶՈւ կազմավորման գործում՝ նրա հիմնադրման օրից մինչև կայացում»։

Նա հայտնել է, որ ներկայիս բարդ իրավիճակում բոլորը պետք է համախմբվեն մեկ նպատակի շուրջ՝ մեր զինված ուժերի երբեմնի փառքի, հաղթանակների և հաջողությունների վերադարձի։

Աբրահամյանը նշել է, որ երկրի անվտանգության, տարածքային ամբողջականության միակ երաշխավորը եղել է և պետք է լինի զինված ուժերը, իսկ միջացգային տարբեր ֆորմատները պետք է լինեն երկրի անվտանգության ապահովման ընդամենը մեկ բաղադրիչը։

«Բոլոր այն գործիչները, որոնք այսօր կամ վաղը, ապագայում փորձելու են մեր երկրի անվտանգության ճարտարապետությամբ զբաղվել, պետք է հստակ գիտակցեն և շարժվեն մեկ տրամաբանությամբ, որ ամեն ինչի հիմքում Հայոց բանակն է, հայ ժողովրդի հավաքական կամքը և մյուս բոլոր գործոնները, նաև միջազգային գործընկերները դրանք ընդամենը մի մասնիկն ու բաղադրիչն են մեր երկրի արտաքին ընդհանուր միջավայրի ապահովման տեսանկյունից»,-հայտարարել է ընդդիմադիր պատգամավորը։

Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի ուղերձին, որում նա պատերազմում չօգնելու համար մեղադրել է ՀԱՊԿ-ին՝  Աբրահամյանն ասել է. «Իմ տպավորությամբ, այստեղ ավելի շատ կա մեր երկրում տեղի ունեցող ձախողումներն արդարացնելու խնդիր, որը բերել է պարտությունների շղթայի և մեր հայրենիքի մի հատվածի կորստին՝ Արցախի, ՀՀ տարբեր հատվածների, հազարավոր զոհերի։ Պատասխանատվությունն իրենից այն կողմ նետելու, նաև հասարակության ուշադրությունը սևեռելու համար, իշխանությունը փորձում է այս կամ այն կողմին մեղավորներ նշանակելով, իր վրայից նետել պատասխանատվությունը։ Մենք պարտավոր ենք մեր անվտանգությունն ապահովել մեր ուժերով մեր բանակով»։

Պատասխանելով  իմպիչմենտի գործընթացը շարունակելու նախադրյալների մասին հարցին՝ Աբրահամյանն ասել է. «Ընտրական պրոցեսները, կամ տարբեր քաղաքական ուժերի ընտրությունների գնալու հանգամանքը, որևէ ձևով չի բացառում իմպիչմենտի գործընթացը, որովհետև դրա հաջող իրագործումը կապված է տարբեր բաղադրիչներից և իրավիճակի զարգացումներից, որոնք այսօրվանից մինչև հունիս կարող են հնարավորություն տան նաև պրոցեսն այդ ուղղությամբ տանելու»։

Աբրահամյանը նշել է, որ ՀՀԿ-ում օրեր առաջ ընտրությունների հարցով 3 ժամ տևողությամբ քննարկում է տեղի ունեցել, որոշում չի կայացվել և դրանք դեռ շարունակվում են։

«Նիկոլ Փաշինյանի հեռացման հիմքերում պետք է լինի ոչ միայն առանձին քաղաքական ուժերի առաջնահերթությունները, այլև պետք է լինի իրական դաշտ՝ իրական ընդդիմադիր ուժերի, որը հնարավորություն կտա նաև համատեղ ջանքեր գործադրել մեկ ընդհանուր թիրախի ուղղությամբ գործելու և իշխանափոխության գործընթացն առավել արդյունավետ ռելսերի վրա դնելու համար»,-ասաել է  «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղարը՝ հիշեցնելով, որ 2018 թվականի իրադարձությունների ժամանակ միակ ընդգծված ընդդիմադիր քաղաքական ուժը ՀՀԿ-ն էր։

Հետևեք մեզ նաև Telegram-ում