ԵԽԽՎ համազեկուցողներին փաստերով ներկայացրել ենք քաղբանտարկյալների խայտառակ վիճակը․ Հայկ Մամիջանյան
Կարդացեք նաև
ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը Ստրասբուրգից հայտնել է, որ ընդդիմադիր պատգամավորները հանդիպել են ԵԽԽՎ-ում Հայաստանի հարցով համազեկուցողների հետ։
«Քիչ առաջ ես, Արմեն Գևորգյանը, Արմեն Ռուստամյանը՝ ԵԽԽՎ հայկական պատվիրակության ընդդիմադիր պատգամավորներս, հանդիպել ենք ՀՀ հարցով համազեկուցողների հետ»,– նշել է նա։
Մամիջանյանի խոսքով՝ հանդիպման ընթացքում փաստերով ներկայացրել են Հայաստանում քաղբանտարկյալների խնդիրները։
«Փաստերով ներկայացրել ենք քաղբանտարկյալների բոլորի՝ Նարեկի, Վազգենի, Դավիթի, Կարապետյանի, սրբազան հայրերի, Արթուր Սարգսյանի, մեր բոլոր պայքարի ընկերների խնդիրները, խայտառակ վիճակը՝ յուրաքանչյուրը հատ-հատ»,– ասել է նա։
Նրա փոխանցմամբ՝ քննարկվել են նաև մարդու իրավունքների խախտումները, դատական համակարգի խնդիրներն ու հակաժողովրդավարական գործընթացները։
«Ներկայացրել ենք մարդու իրավունքների ոտնահարումները, դատական համակարգի խնդիրները, հակաժողովրդավարական գործընթացները»,– ընդգծել է պատգամավորը։
Մամիջանյանի խոսքով՝ հանդիպման զգալի մասը վերաբերվել է նաև եկեղեցու դեմ իրականացվող հարձակմանը։
«Հանդիպման մի զգալի մասը եկեղեցու դեմ ծավալված հարձակման մասին էր։ Մեր դժգոհությունն ենք հայտնել վերջին զեկույցում տեղ գտած խայտառակ ձևակերպումների և զեկույցում տեղ չգտած կարևոր հարցերի մասին»,– նշել է նա։
Պատգամավորը հավելել է, որ իրենց աշխատանքը շարունակական է՝ թե՛ բանավոր, թե՛ գրավոր ձևաչափով։
«Մեր աշխատանքը շարունակական է, սա միշտ արվել է հանդիպումների և ելույթների տրամաբանությամբ, պարզապես այս անգամ որոշեցի հենց այս ֆորմատով տեղեկացնել»,– ասել է նա։
Հետևեք մեզ նաև Telegram-ում