Վահա՛գն Խաչատուրյան, պարտավոր ես ներողություն խնդրել, քեզ սպասելու ենք «Եռաբլուր»-ում. ակցիա՝ նախագահականի դիմաց
Կարդացեք նաև
«Համահայկական ճակատ» շարժման անդամներն ու զոհված զինծառայողների մի խումբ հարազատներ բողոքի ակցիա են իրականացրել նախագահական նստավայրի դիմաց՝ պահանջելով, որ նախագահ Վահագն Խաչատուրյանը հրապարակայնորեն ներողություն խնդրի հայ ժողովրդից և հայրենիքի պաշտպանության համար զոհված զինծառայողների ընտանիքներից` Դավոսում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին շնորհակալություն հայտնելու համար։
Նախագականի դիմաց հավաքված քաղաքացիները Վահագն Խաչատուրյանի հայտարարությունն անընդունելի, ազգային արժանապատվությունը խաթարող և զոհվածների հիշատակը վիրավորող քայլ են համարել:
«Վահա՛գն Խաչատուրյան, դու պարտավոր ես հրապարակային ներողություն խնդրել, քեզ սպասելու ենք «Եռաբլուր»-ում: Եթե այդքան ուժ չկա քո մեջ ներողություն խնդրելու համար, պահանջելու ենք, որ լքես այս պոստը: Թույլ չենք տալու, որ մեր ցավի վրա այս իշխանությունն իրեն լկտի ձևով պահի: Թու՛յլ չենք տա: Վահա՛գն Խաչատուրյան, Ալիևին ինչի՞ ես շնորհակալ, պիտի գաս և ներողություն խնդրես: Սրանք եկել են ազգը քայքայելու, պետությունը ոչնչացնելու նպատակով, այս իշխանությունն ուրիշ խնդիր չուն»,- հայտարարել է «Համահայկական ճակատ» շարժման անդամ Ռուզաննա Ստեփանյանը:
Զոհվածի ծնողներից Մերի Ավագյանն էլ ասել է, որ իր համար անընդունելի է, երբ Վահագն Խաչատուրյանն Ալիևին շնորհակալություն հայտնելուց հետո այցելում է «Եռաբլուր»:
«Գնացել է «Եռաբլուր», որ ինչ ասի: Ասի՝ տղե՛րք, ապրեք, որ ձեզ զոհեցինք: Ի՞նչ է նշանակում, գնա էնտեղ մեզ խայտառակ անի, գա այստեղ, իբրև, գլուխ խոնարհի»,- նշել է նա:
Հիշեցնենք՝ Վահագն Խաչատուրյանը Դավոսի համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակում, քննարկման ժամանակ, անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին և ասել. «Ուզում եմ շնորհակալություն հայտնել պարոն Ալիևին, նաև մեր վարչապետին՝ այն քաղաքական կամքի համար, որ դրսևորվել է: Նպատակը մեկն է եղել՝ խաղաղությունը»:
Հետևեք մեզ նաև Telegram-ում