Մենք դադարում ենք գյուղից եկած աղքատ բարեկամի պես նայել ձեր խոսքին, ձեր բերաններից դուրս եկած խոսքերը պետք է լինեն ձեր բարոյական սփոփանքը, ոչ թե մեր. Արմեն Աշոտյան

Մենք դադարում ենք գյուղից եկած աղքատ բարեկամի պես նայել ձեր խոսքին, ձեր բերաններից դուրս եկած խոսքերը պետք է լինեն ձեր բարոյական սփոփանքը, ոչ թե մեր. Արմեն Աշոտյան

«Իր ժողովրդից ճաղերի հետևում թաքնված այս կառույցում հյուրընկալվել է եվրոպական օմբուդմենը՝ Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատարը։ 25 տարի առաջ Հայաստանն անդամակցեց ԵԽ-ին»,-ԱԺ դիմաց տեղի ունեցած ակցիայի ժամանակ հայտարարեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։

Հիշեցնենք, որ Ազգային Ժողովի շենքի մոտ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը նախաձեռնել է  ակցիա՝ ի պաշտպանություն Հայաստանի բոլոր քաղբանտարկյալների և Բաքվի բանտերում նստած մեր հայրենակիցների։ Ակցիան կազմակերպվել է Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Մայքլ Օ’Ֆլահերթիի ԱԺ այցի կապակցությամբ։

ՀՀԿ-ական գործիչը հիշեցրեց, որ այդ ժամանակ Հայաստանում հույս ունեին՝ եվրաինտեգրման ճանապարհը, որքան էլ դրանով դժվար լինի անցնելը, մեր երկրին բերելու է արժանապատվություն, ազատություն, հավասարություն, բարեկեցություն։

«25 տարի անց փաստում ենք, որ այդ ամենը փուչիկ է, կեղծ է, ցինիկություն է, որ եվրոպական կառույցները՝ ԵԽ-ից մինչև եվրոպական հանձնաժողով, եվրոպական պառլամենտից մինչև եվրոպական օմբուդսմեն կույր են, խուլ են և համր, երբ խոսքը գնում է իրենց իսկ դավանած, քարոզած, Հայաստանում տասնյակ միլիոնների արժեքով տարածված արժեքների պաշտպանության մասին։ ԵԽ-ն, ինչպես եվրոպական բազմաթիվ կառույցներ այսօր բարոյական բանկրոտ է, բարոյական բանկրոտ, որը չունի ամոթ»,-ասաց ընդդիմադիր գործիչը։

Նա հիշեցրեց, երեկ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն ասուլիսում հայտարարել է, եթե միջազգային կառույցները չեն արձանագրել, որ կան քաղբանտարկյալներ, ուրեմն Հայաստանում չկան քաղբանտարկյալներ։

«Այդ գեղեցիկ կինը նման խոսքերով վարկաբեկում է կանանց գեղեցկությունը, վարկաբեկում է կանանց ներկայությունը կառավարությունում, վարկաբեկում է կնոջ  դերը քաղաքական անցուդարձի մեջ, որովհետև որևէ միջազգային կառույցի կարիք հայ ժողովուրդը չունի՝ արձանագրելու համար, որ իր լավագույն զավակները նստած են քաղաքական դրդապատճառներով տարբեր բանտերում, որովհետև իր զավակներին քաղբանտարկյալ ճանաչելու բացառիկ իրավունքը հայ ժողովրդինն է, ինչը երևում ու արտացոլվում է բոլոր սոցոլոգիական հարցումներում։ Հայաստանում կան քաղբանտարկյալներ, հայ ժողովուրդը դա գիտի»,-ասաց Արմեն Աշոտյանը։

Նա հիշեցրեց, երեկ հրապարակվել է միջազգային իրավապաշտպան կառույցներից մեկի՝ Human rights watch-ի տարեկան զեկույցը, որը, նրա որակմամբ, խայտառակություն է։

«Այդ զեկույցում գրված չէ, օրինակ, որ Ադրբեջանի բանտերում ազգային ու քաղաքական հողի վրա նստած են մեր հայրենակիցները։ Բայց արդյոք չկա՞ն նրանք Բաքվի բանտերում։ Իհարկե, կա՛ն։ Արդյոք մենք ունե՞նք նման զեկույցների կարիք, որ հասկանանք՝ նման երևույթներ կան։ Ո՛չ, չունենք։  Մենք այլևս դադարում ենք գյուղից եկած աղքատ բարեկամի պես նայել ձեզ ու ձեր խոսքին, ձեր բերաններից դուրս եկած խոսքերը պետք է լինեն ձեր բարոյական սփոփանքը, ոչ թե մեր։ Այդ զեկույցում գրած չէ նաև, որ Հայ Առաքելական եկեղեցու դեմ իրականացվում է պետական մակարդակի տեռոր ու քարոզչություն։ Կա՞ այդ տեռորն ու քարոզչությունը։ Իհարկե, կա։ Մենք այդ զեկույցի կարիքն ունե՞նք, տեսնելու, հասկանալու, որ Սրբազաններից սկսած մինչև հոգևոր հայրեր նստած են բանտերում, որ Հայոց եկեղեցիները պղծվում են սատանիստների ու անհավատների կողմից։ Ոչ, մենք նման զեկույցների կարիքը չունենք, տիկի՛ն նախարար։ Հայ ժողովուրդը ոչ մեկի կարիքը չունի՝ վերագտնելու իր արժանապատվությունն ու մաքրելու դեպքի ապագա իր ճանապարհը»,-ասաց Աշոտյանը։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում