Գագիկ Ծառուկյանը հայտարարել է՝ ընտրություններին մասնակցելու ենք «Բարգավաճ Հայաստան»-ով, բայց սա բացառապես ընտրություններին մասնակցելու իրավական լուծում է. Իվետա Տոնոյան

Գագիկ Ծառուկյանը հայտարարել է՝ ընտրություններին մասնակցելու ենք «Բարգավաճ Հայաստան»-ով, բայց սա բացառապես ընտրություններին մասնակցելու իրավական լուծում է. Իվետա Տոնոյան

««Առաջարկ Հայաստանին»  նախաձեռնությունն ու  «Առաջարկ Հայաստանին» ծրագիրը կարողացել է դառնալ հանրային-քաղաքական կյանքի ամենաճանաչելի  բրենդներից մեկը»,- «Հանրային-քաղաքական դաշտը՝ ընտրություններին ընդառաջ» թեմայով քննարկմանն ասել է Գագիկ Ծառուկյանի մամուլի քարտուղար Իվետա Տոնոյանը։

Ըստ նրա, այդ մասին վկայում են ոչ միայն տարբեր հարցումները, նաև իրենց ամենօրյա շփումները։

«Այս ամիսների ընթացքում իրականում կարողացանք հանրությանը հասնցել այն մեսիջը, որ  «Առաջարկ Հայաստանին»-ը ծրագիր է հենց մարդկանց կողմից ստեղծվող և մարդկանց մասին։ Սա ամենակարևոր թեզն է, քանի որ ծրագրի մեկնարկային փուլում այն գաղափարը, որը  Գագիկ Ծառուկյանի կողմից դրվել է  շրջանառության մեջ, այն է, որ պետք է  սկզբունքորեն փոխվեն ծրագրի կազմման մոդելները»,-  ասել է Ի. Տոնոյանը։

Նա նշել է, որ այսօր քաղաքական ուժերը կարմիր գծի նման խոսում են միասնականության, հավաքականության անհրաժեշտության, կարևորության մասին, «Առաջարկ Հայաստանին»-ը հենց սրա մասին է։

«Նախօրեին արդեն Գագիկ Ծառուկյանը հայտարարել է, որ  առաջիկա խորհրդարանական ընտրություններին մենք մասնակցելու ենք  «Բարգավաճ Հայաստան» կուսակցությամբ, բայց սա բացառապես իրավական լուծում է ընտրություններին մասնակցելու, «Առաջարկ Հայաստանին» ծրագիրն այդ համախմբվածությամբ, միասնականությամբ առաջիկա գործընթացներին մասնակցելու միտում ունի»,- ասել է Տոնոյանը։

Նա նաև հիշեցրել է, որ օրեր առաջ Գագիկ Ծառուկյանը հայտարարել էր՝ վերկուսակցական քաղաքական հանրային դաշտի «Նոյան տապան»  ստեղծելու գաղափարով է հանդես գալիս, որն «Առաջարկ Հայաստանին»  ծրագիրը կյանքի կոչելու  գործնական մեխանիզմը պետք է հանդիսանա։

«Այս դեպքում  բոլոր այն անհատները, հանրային, քաղաքական գործիչները, ովքեր այս օրերին միանում են  նախաձեռնությանը, նրանք չեն միանում «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը, միանում են «Առաջարկ Հայաստանին» ծրագիրը կյանքի կոչելու նախաձեռնությանը»,- նշել է Տոնոյանը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում