Երեկ ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը նկատեց, թե ադրբեջանական կողմից խոցված հայկական ուղղաթիռի բեկորների ուսումնասիրությունը թույլ կտա հաստատել, որ այն զինված չի եղել: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցչի տեղակալ Ֆարհան Հակն իր հերթին հայտարարեց, որ չեն կարող կարող հաստատել Լեռնային Ղարաբաղում հայկական ռազմական ուղղաթիռի ոչնչացման մասին տեղեկությունը. «Մեզ անհրաժեշտ է փաստեր ստանալ և մանրամասներ պարզել, բայց ներկայում ոչ մի հավաստում չկա»,- ասել է նա:
Ավելի ուշ՝ ԵՄ-ը հայտարարություն տարածեց, որում հերթապահ մտահոգությունից բացի կոչ է արվում հետաքննել միջադեպը: Փոխարենը հետաքննության անցկացման մասին ոչ մի խոսք չկա միջնորդների՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի հայտարարության մեջ: Այսինքն՝ հերթական անգամ սահմանափակվել են միայն հերթապահ մտահոգությամբ և պատեհ առիթը չեն օգտագործել պնդելու և ստիպելու Ադրբեջանին չխոչընդոտել միջադեպերի հետաքննության մեխանիզմի ստեղծմանը և դառնալ այդ գործընթացի մասնակիցը:
Եվ այս դեպքում մեղմ ասած՝ ծիծաղելի են երկխոսության և նման միջադեպերի կանխման կոչերը, երբ չի անցկացվում ոչ մի միջազգային անկախ հետաքննություն և չի տրվում համապատասխան գնահատական, որին պիտի, բնականաբար, հաջորդի նախահարձակ կողմին որոշակի պատասխանատվություն ենթարկելու գործողություն: Հարց, որը հայկական կողմն ի դեպս ՀՀ պաշտպանության նախարարի ամեն պատեհ առիթի՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի հետ յուրաքանչյուր հանդիպման ժամանակ բարձրաձայնում է և կոչ անում սթափ գնահատել իրավիճակը. «Պետք է ակտիվացնել աշխատանքները և համապատասխան միջոցներ ու մասնագետներ ներգրավել միջադեպերի քննության մեխանիզմի ստեղծման համար»:
Ավելին, տարբեր ժամանակներում ադրբեջանական կողմի սադրանքների հետ կապված հայկական կողմը միջնորդներին է փոխանցել հստակ և շոշափելի ապացույցներ, բայց ինչպես տեսնում ենք՝ դրանք միջազգային «քաղաքական վարույթ» չեն ընդունվել:
Բավական է հիշել մի քանի դեպք. 2014-ի հունվարի 19-ի ղարաբաղա-ադրբեջանական սահմանին թշնամու դիվերսիոն խմբերի գործողությունները, որի հետևանքով զոհվեց կրտսեր սերժանտ Արմեն Հովհաննիսյանը: ՀՀ ՊՆ ղեկավարությունը հայտարարեց, որ դեպքի վայրի զննությամբ հայտնաբերված և վերցված` սպառազինության և հանդերձանքի նմուշները, ինչպես նաև միակողմանի հետաքննության ժամանակ հավաքագրած փաստերը փոխանցելու են ՄԽ-ի համանախագահներին և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչին և այդպես էլ արվեց: Բայց դրանից հետո սահմանին ևս մի քանի կորուստ ունեցանք, ավելին՝ գործ ունեցանք օգոստոսյան մինի-պատերազմի հետ՝ ադրբեջանական կողմի նախաձեռնությամբ:
Այն, որ Ադրբեջանի ականջները ՄԽ-ի համանախագահները կամ Կասպրշիկը կքաշեին, որևէ հույս չունեի՝ աչքիս տակ ունենալով լուրջ հիմքեր. 2012 թ.-ի ապրիլի 25-ին հակառակորդը գնդակոծեց Տավուշի մարզի Դովեղ բնակավայրը, իսկ մեկ օր անց` ապրիլի 26-ին, Ադրբեջանը գնացել էր սադրիչ այլ գործողության. հարձակում էր իրականացվել Այգեպար-Մովսես բնակավայրերի միջև ընկած ճանապարհահատվածով երթևեկող «Վազ-2107» մեքենայի վրա: Մեքենայում եղել էր 4 պայմանագրային զինծառայող, որից 3-ը մահացել էին, մեկին հաջողվել է փախչել, սակայն շոկային իրավիճակի արդյունքում՝ կորցրել էր խոսելու կարողությունը։ Միջադեպերից մի քանի օր անց, երբ դեռ թարմ էին արյան հետքերը, ԵԱՀԿ ներկայացուցիչներն եղան դեպքի վայրում, այնուհետ` Բերդի ռազմական ոստիկանությունում: Նրանց մանրազննին ներկայացվեց, թե ինչպես է կատարվել հակառակորդի կողմից սադրիչ գործողությունը։
Նշվեց, որ բացի ինքնաձիգներից հակառակորդն ունեցել է նաև նռնակներ, որոնք գործի է դրել։ Ավելին` հենց իրենք անձամբ մանրակրկիտ զննեցին հարձակման ենթարկված մեքենան, տեսագրեցին և նկարահանեցին այն, այնուհետ այցելեցին Դովեղ բնակավայր ու լուսանկարահանման և տեսագրման միջոցով արձանագրեցին նաև ապրիլի 25-ին ադրբեջանական կողմից գյուղի գնդակոծման հետքերը, բայց լղոզված հայտարարություններից այն կողմ չանցան: ԵԱՀԿ դիտարկումներից մեկի ժամանակ հայկական կողմից մասնակցող ԵԱՀԿ գործող նախագահի ներկայացուցիչ Կասպրշիկին հարցրեցի` ինչո՞ւ Ադրբեջանին որևէ կերպ չեք սաստում, վերջինն ի պատասխան նշեց, թե ադրբեջանական կողմը վստահեցնում է` հայերն են խախտում հրադադարի ռեժիմը, հայկական կողմն էլ` ադրբեջանցիները, ուստի իրենք մեկ ուղղությամբ հստակ պնդումներ չեն կարող անել, եթե տեղադրված լիներ համապատասխան ֆիքսող սարք, ապա ամեն ինչ պարզ կլիներ: Իսկ վերջոնշյալում ոչ մի ֆիքսող սարքի կարիք չկար. դեպքը տեղի էր ունեցել ՀՀ-ի տարածքում և ոչ մարտական հենակետում: Այնպես որ երեկվա դեպքի հետ կապված էլ ոչ մի լավատեսության հիմք չկա՝ անկախ նրա աննախադեպությունից և այսպիսիք կրկնվելու են քանի դեռ Ադրբեջանին ոչինչ չի պարտադրվում՝ միջազգային հետաքննության երկկողմանի անցկացում, մեկ-երկու օրյա դիտարկումներ՝ այդ թվում նախապես չտեղեկացված, քանի դեռ ադրբեջանական կողմից հրադադարի խախտումներին միջազգային կառույցները նայում են հինգ րոպեանոց դիտարկման հեռադիտակից և կուլ տալիս իրենց ներկայությամբ և իրենց հետևից հնչող կրակոցները, քանի դեռ գործնականում բախվում ենք երկակի ստանդարտներին, երբ մարդու իրավունքները դե ֆակտո բաժանում են ճանաչվածի և չճանաչվածի:
ՄԱՐԻԱՄ ՊԵՏՐՈՍՅԱՆ