Առողջության ապահովագրությունը պետք է արդյունավետ լինի, ոչ թե դառնա բողոքի, ծիծաղի, տրոլինգի էպիկենտրոն. Գևորգ Գրիգորյան

Առողջության ապահովագրությունը պետք է արդյունավետ լինի, ոչ թե դառնա բողոքի, ծիծաղի, տրոլինգի էպիկենտրոն. Գևորգ Գրիգորյան

«Պարտադիր առողջության ապահովագրություն Հայաստանում․ ռիսկերն ու չլուծված հարցերը» թեմայով քննարկման ժամանակ, միջոցառման կազմակերպիչ բժիշկ Գևորգ Գրիգորյանը նշել է․ «Բժշկական հասարակությունն արդեն տևական ժամանակ առողջության ապահովագրության համակարգի վերաբերյալ բազմաթիվ խնդիրներ է արձանագրում՝ սկսած տեխնիկական համակարգի խափանումներից, վերջացրած ի վերջո վարձատրության պակասով»։

Ըստ նրա, բուժաշխատողների համար նախատեսված վարձատրությունը ծիծաղելի է։

«Նման գումարներով նման պատասխանատվության տակ բուժաշխատողները չպետք է մտնեն։ Ամբողջ աշխարհում  բժշկի պատասխանատվությունից ավելի պատասխանատվություն գոյություն չունի»,-ասել է  բժիշկը։

Ըստ նրա, խնդիրները բազմազան են՝ սկսած պացիենտի՝ օրենքով ամրագրված իրավունքների խախտումից, վերջացրած  իրավական ակտերի մասին օրենքի խախտումով ընդունված օրենքը։

«Փորձագիտական համայնքով մենք հակված ենք, որ պետք է լինի ապահովագրություն, դա շատ կարևոր է Հայաստանի բնակչության համար։ Տպավորություն  չստեղծվի, որ այս քննարկումը կամ ֆեյսբուքում գրառումներն  ուղղված են նրան, որ համակարգը խափանվի։ Ոչ, ուղղված են նրան, որ համակարգն արդյունավետ գործի։ Գլոբալ առումով  մեր բնակչությունն է շահելու ամբողջ համակարգի գործունեությունից։ Համակարգը պետք է արդյունավետ լինի, ոչ թե դառնա բողոքի, ծիծաղի, տրոլինգի էպիկենտրոն»,- ասել է Գ.Գրիգորյանը։

Նա նշել է, որ իրենք առկա խնդիրների լուծումներն  առաջարկում են։

«Այլ բան է՝ արդյոք կընդունի պետությունն այդ առաջարկները։ Կրկնում եմ՝ ապահովագրության համակարգն անհրաժեշտ է մեր բնակչությանը, բայց այդ համակարգը պետք է  լինի գործուն, հարցեր լուծի, ոչ թե նոր հարցեր առաջացնի»,- ասել է Գրիգորյանը։

Նա ընդգծել է, որ եթե համապատասխան մարմիններն ականջալուր լինեն ու շտկեն բացերը, կսկսեն գովերգել առողջության ապահովագրության համակագը, բայց եթե չշտկեն, լինելով բժշկական համայնքի ներկայացուցիչներ, այս երկրում ամեն օր աշխատող պրակտիկ բժիշկներ, միջոցներ են ձեռնարկելու, որոնց մասին հետագայում ավելի մանրամասն կպատմեն։

Ըստ Գ.Գրիգորյանի, համակարգի արդյունավետ աշխատանքին խանգարում է բազմաթիվ կոմպոնենտներ՝ սկսած բժշկի աշխատավարձից, վերջացրած ԱՐՄԵԴ համակարգի տեխնիկական թերացումներից, բուժկենտրոնների կեսում չկան գնացուցակներ, կոդեր։

Հետևեք մեզ նաև Telegram-ում