Հայաստանը չպետք է անհանգստանա ԼՂ սահմանին մաքսային անցակետ տեղադրելու մասին. ռուս փորձագետ

Հայաստանը չպետք է անհանգստանա ԼՂ սահմանին մաքսային անցակետ տեղադրելու մասին. ռուս փորձագետ

Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի սահմանին մաքսային անցակետ ստեղծելու հարցն անհանգստության առարկա չպետք է լինի: Նման կարծիք հայտնեց Ռազմավարական հետազոտությունների ռուսաստանյան ինստիտուտի փոխտնօրեն Տամարա Գուզենկովան: «Հայաստանի` Եվրասիական տնտեսական միության անդամակցելու հետ կապված չարժե անհանգստանալ, որ կլինեն ռեժիմի կտրուկ փոփոխություններ: Պրակտիկայում ձևավորված փոխհարաբերությունները և ընթացակարգերը, որոնք աշխատում են և չեն սրում իրավիճակը, կշարունակվեն նաև ապագայում: Սա տնտեսական միություն է, իսկ տնտեսությունը բացարձակապես չի հանդուրժում ոչ մի տեսակի սրված իրավիճակ և ռազմական գործողություն, որովհետև դրանք կործանարար են տնտեսական ծրագրերի համար: Ուստի, ես կարծում եմ, որ քաղաքական իրավիճակի վրա ազդեցություն ունեցող մարդիկ, ընդհակառակը, շահագրգռված են վերահսկողության տակ պահել իրավիճակը և խուսափել կտրուկ քայլերից»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում պարզաբանեց փորձագետը:

Նոյեմբերի 13-ին ԵՊՀ-ում տեղի ունեցավ «Հայաստանի Եվրասիական հեռանկարը. տարածաշրջանային և գլոբալ մարտահրավերներ» խորագրով միջազգային համաժողովը, որի նպատակն է ուսումնասիրել ԵՏՄ-ի կայացման փուլում միության առջև կանգնած տարածաշրջանային և գլոբալ մարտահրավերները: Քննարկմանը մասնակցել են ԵՊՀ միջազգային հարաբերությունների ամբիոնի դասախոսներ, փորձագետներ Ռուսաստանից, Ղազախստանից ու Բելառուսից, ովքեր ներկայացրեցին իրենց հետազոտությունները:

Պատմական գիտությունների թեկնածու Մուրադ Վարդազարյանն իր ելույթի ընթացքում տիկին Գուզենկովային նվիրեց Լեռնային Ղարաբաղում արտադրված, սակայն Հայաստանում ծագման հավաստագիր ստացած գինի` նշելով, որ սա լավ օրինակ է, թե ինչպես կարող է Լեռնային Ղարաբաղը ներգրավվել Եվրասիական տնտեսական գոտում:

«ԵՏՄ-ն բաց միություն է, որին ապագայում կարող են միանալ եվրասիական գոտու այլ երկրներ: Այս համատեքստում տնտեսական համագործակցության միջոցով ձգձգված հակամարտությունների կարգավորումը բավականին իրատեսական է թվում: Հայ հասարակությունը մեծ հետարքրքությամբ է հետևել անադամակցության բանակցային գործընթացին, և առաջին հերթին ուշադրության կենտրոնում էին գտնվում մեր ազգային շահերը և Լեռնային Ղարաբաղի տնտեսական մեկուսացման կանխման հարցը»,- ասաց Վարդանյանը` հավելելով, որ ԵՏՄ ինտեգրման հեղինակները լուծում են գտել նաև այս հարցի համար` ընդունելով իրականությունը «դե ֆակտո»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում