Պարտադրված պատերազմում Իրանը կգործի առանց կարմիր գծերի. Խալիլ Շիրղոլամի
Կարդացեք նաև
Իրանին պարտադրված ագրեսիայի նկատմամբ խիստ վճռական դիրքորոշում պետք է հայտնի միջազգային հանրությունը և նրանք պետք է կանգնեն ագրեսիայի ենթարկվածի և զոհի կողքին, ավելին, այս պատերազմում Իրանի թուլացումը կամ պարտությունը վնաս է հասցնելու նաև Հայաստանին․ այսօր հրավիրած ասուլիսում ասել է ՀՀ-ում Իրանի դեսպան Խալիլ Շիրղոլամին` ընդգծելով, որ դա ասում է ոչ թե որպես դեսպան, այլ որպես վերլուծաբան։
«Կարծում եմ՝ որևէ մեկի համար գաղտնիք չէ, որ պատմության ընթացքում Հայաստանի նկատմամբ առկա որոշ երկրների նկրտումները, թեև այս պահին կարող ենք ասել, որ մոխիրների տակ թաքնված կրակների նման են, սակայն դրանք դեռ առկա են։ Ըստ այդմ էլ մեր սրտի ցանկությունն է, որ Հայաստանը լինի ուժեղ պետություն։ Աստված մեզ օգնական՝ այս պատերազմում Իրանը պարտություն չկրի, և Հայաստանն էլ դրա հետևանքով վնաս չկրի»,- ասել էեսպանը։
«Կարիք չունենք, որ որևէ մեկը գա և պատերազմի մեզ համար։ Սակայն, մեր գործընկերների համագործակցությունը և աջակցությունն այս հարցում մեզ համար կարևոր է»,-ասել է դեսպանը։
Ինչ վերաբերում է հարցին, թե Իրանի կողմից թիրախավորվել են այն երկրները, որտեղ տեղակայված են ամերիկյան ռազմաբազաները, հետևաբար այդ երկրներն Իրանին կարող են դիտարկել որպես թշնամի՝ դեսպանն արձագանքել է. «Սա պատերազմ է, և այս պատերազմը մենք չենք ընտրել, այն մեզ պարտադրվել է։ Հնարավոր չէ, որ տարածաշրջանում գտնվող երկրների տարածքում տեղակայված ռազմաբազաները տարբեր ձևով օգտագործվեն Իրանի դեմ և մենք ուղղակի նստենք ու նայենք։ Այս պատերազմը մեր գոյատևման և Իրանի լինել-չլինելու մասին է։ Այս հարցում այն բոլոր ուժերը, որոնք աջակցում են և որևէ կերպ համագործակցում են Իրանի դեմ ագրեսիա իրականացրած պետության հետ, մենք իրենց հետ դիմադրության հարցում որևէ կարմիր գիծ չունենք»։
«Մենք ի սկզբանե հայտարարել էինք, որ ԻԻՀ տարածքային ամբողջականությանը սպառնացող ցանկացած վտանգ ստանալու է համարժեք և ուժեղ հակահարված։ ԱՄՆ-ն, գտնվելով հազարավոր մղոններ հեռավորության վրա, որոշել է հարձակվել Իրանի դեմ՝ օգտագործելով հարևան երկրներում ունեցած իր հնարավորությունները։
Այս ագրեսիայի պայմաններում Իրանը լեգիտիմ իրավունք ունի ձեռնարկելու համապատասխան քայլեր։ Չգիտենք, թե որքան կտևի այս ագրեսիան, սակայն Իրանի ժողովուրդը պատրաստ է իրացնել իր օրինական պաշտպանության իրավունքը, որը սահմանված է ՄԱԿ-ի կանոնադրության 51-րդ հոդվածով»,-ասել է դեսպանը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում