Արշակ Սրբազանը դուրս եկավ ԱԱԾ մեկուսարանից

Արշակ Սրբազանը դուրս եկավ ԱԱԾ մեկուսարանից

Մայր Աթոռի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը դուրս եկավ ԱԱԾ մեկուսարանից; Ներկաները նրան դիմավորեցին ծափահարություններով;

Սրբազանն իր բանտից ազատվելը դժվարանում է հաղթանակ համարել։

«Ես զերծ կմնայի «հաղթանակ, պարտություն» եզրույթների օգտագործումից, բայց այն, ինչ կատարվում է՝ ուղղակի խայտառակություն է։ Սա չի հարվածում միայն եկեղեցու հիմքերին, այլև պետության հիմքերին, ազգի հիմքերին։ Գիտեք, ազգ- պետություն հասկացությունները որոշակի պարունակություն, բովանդակություն ունեցող հասկացություններ են և,եթե դրանցից դուրս բերենք կրոնական համոզումը, որոշակի էլեմենտներ, տակը ոչինչ չի մնալու։ Հիմա, եթե մենք պիտի համարենք հաղթանակ, որ ժողովրդի կրոնական  ամենամեծ ինստիտուտի նկատմամբ ոտնձգություն է կատարում, որը որոշակի հաջողություն է ունենում,ապա  հաղթանակ է։ Կարծում եմ՝ Պյուռոսյան հաղթանակ է,քանի որ ոչ մի հաղթանակ չի կարող այդպես կերտվել»,- ասել է Սրբազանը։

Արշակ Սրբազանը նաև հավելել է, որ շարունակելու  է հաստատակամ մնալ իր համոզմունքներին։

«Այն, ինչին  ես համոզված եմ, հնարավոր չէ, որ հետքայլ կատարվի և նահանջ կատարվի՝ թե՛ կաթողիկոսի կողմից և թե՛ այն  հոգևոր եղբայրների կողմից, ովքեր իրենց համոզումները հրապարակայնորեն արտահայտել են»,- լրագրողների հետ զրույցում նշել է Սրբազանը։

Հարցին, թե արդյո՞ք Արշակ Սրբազանը չունի մտավախություն, որ ընտրություններից հետո կվերընտրվի իշխող ուժը և էլ ավելի հուժկու գործընթացներ կիրականացնեն եկեղեցու և եկեղեցականների դեմ, Սրբազանն արձագանքել է․

«Ես չեմ ուզում կանխատեսել։ Հիմա գարնանամուտ է չէ, գարնանամուտին ձմեռային ցրտից արթնացած ճանճի շարժումները, որոնք որևէ տրամաբանության մեջ չեն տեղավորվում, ինձ հիշեցնում է իշխանությունների գործելաոճը։ Վարքագիծը որևէ տրամաբանության չի դիմանում։ Համենայնդեպս, ես դժվարանում եմ ասել՝ ի՞նչ է արվում, ինչի՞ համար է արվում, ինչի՞ վրա է վիճակը նետվում, դժվարանում են այսօր»։

Արշակ Սրբազանն, անդրադառնալով Պոլսո Հայոց պատրիարք Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանի՝ սինոդական կառույց ստեղծելու առաջարկին, որը  Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանի կարծիքով իշխանություն-եկեղեցի հարաբերություններում ճգնաժամից ելք է,ասել է․«Մեր եկեղեցականներից յուրաքանչյուրը կարծիք, դիրքորոշում է արտահայտում, Պոլսի պատրիարքն էլ ազատ է եղել իր դիրքորոշումն արտահայտելու մեջ։ Այլ հարց է՝ որքանո՞վ է դա ընկալելի, ընդունելի, թե՞ ընդունելի չէ»։

Արշակ Սրբազանի համոզմամբ՝ ստեղծված իրավիճակում դա այն առաջարկը չէր, որ պետք է հնչեցվեր։

«Հիմա մենք բոլորովին այլ կացության մեջ են գտնում և պետք է այդ կացությանը համարժեք արձագանքել»։

Դիտարկմանը, թե արդյո՞ք տարօրինակ չէր, որ հայտարարությունից որոշ ժամանակ առաջ բոլորովին այլ հայտարարություն էր արվել Պոլսո պատրիարքի կողմից՝ ասելով, որ ընդունելի չէ իշխանությունների այդ ճնշումները եկեղեցու և կաթողիկոսի նկատմամբ։ Սրբազանն ասել է․ «Բանալի բառը տարօրինակն էր»։

Սրբազանն իրեն վերագրվող ենթադրյալ հանցանքի հետ կապված ասել է․ «Այն, ինչ վերագրվում է ինձ, բացարձակ կապ չունի իրականության հետ և ընդամենը փորձ է՝ ահաբեկելու, վախ ներշնչելու, որն իհարկե որևէ ազդեցություն չի կարող ունենալ»։

Սրբազանի խոսքով՝ իր համար ամենամեծ ափսոսանքն այն է, որ Բագրատ Սրբազանը խցում առանձին մնաց, ցանկանում է, որ ամենքն աղոթի՝ Բագրատ Սրբազանի հոգու ամրության համար, ինչը չի էլ նվազել այս ընթացքում։ Նա նշեց, որ մի բան գիտի՝ վերջը լավ է լինելու, եթե լավ չէ, ապա վերջը չէ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում