Արշակ Սրբազանի գործով դատավորն ինքնաբացարկ է հայտնել՝ բավարարելով փաստաբանների միջնորդությունը
Կարդացեք նաև
Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի գործով առաջին դատական նիստին պաշտպանական թիմը բացարակ հայտնեց դատավոր Գևորգ Մանուկյանին։
Պաշտպան Երեմ Սարգսյանն ասել է, որ նախագահող դատավորի անձնական կաշկանդվածության կամ կանխակալության մասին կոնկրետ խոսել չեն կարող, բայց այն փաստը, որ դատավորն աշխատել է քննչական մարզային վարչությունում, կոնկրետ քննիչների հետ, ակամայից գործընկերային հարաբերություններ է ունեցել, դատախազությունում է աշխատելու ու ներկայիս մեղադրող Ալիսա Բոյաջյանի հետ գործընկերային հարաբերություններ ունեցել, ինքնին իրենց առերևութ թույլ է տալիս կարծելու, որ հնարավոր է լինի հետագայում որևէ կանխակալություն։
Դատարանը հաստատել է, որ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի գործով իրեղեն ապացույց թմրանյութը կորել է՝ նշելով՝ հարուցվել է պաշտոնական անփութության հոդվածով քրեական գործ: Մարիխուանայի գլանակը կորել է Արմավիրի քննչականում:
«Իհարկե, այս հարցը մեզ համար այդքան էական չէր լինի, եթե ամենաառանցքային հարցը հիմա չքննարկեինք։
Ինչպես գիտենք, քրեական գործում կա իրեղեն ապացույց հանդիսացող թմրանյութ։ Մեծ հարց է՝ եղե՞լ է ընդհնարապես թմրանյութ, թե՞ ոչ, ի սկզբանե կա՞ր, թե՞ չկար, հետո ինչպե՞ս է անհետացել, այդ մասով քննության պարագայում ակամայից չի բացառվում, որ նորից ձեր նախկին գործընկերների հետ կապված ինչ-որ հարցերի քննարկման անհրաժեշտություն առաջանա, ոչ մեկս չենք կարող կանխատեսել՝ ինչ ծավալի կլինի, նաև հսկողություն է իրականացրել դատախազությունը։
Մեզ մոտ կարող է օբյեկտիվ կասկած առաջանալ, որ ինչ-որ փուլում հնարավոր է, մարդկային, գործընկերային հարաբերություններից ելնելով, կաշկանդավածություն լինի։ Գուցե չլին»,- ասել է նա։
Ըստ փաստաբանի, Եվրոպական դատարանի մոտեցումը կայանում է նրանում, որ եթե կան օբյեկտիվ փաստեր, որոնք կարող են կասկածի տեղիք տալ, ապա դատարանը չպետք է այդ գործը քննի։
«Մենք չենք ուզում սկսել մի վարույթ, որը հետո կարող է կասկածի տակ դրվի։ Վերը նշված հանգամանքներից ելնելով, պատվարժան դատարան, բացարկ ենք հայտնում դատավորին»,-ասել է Սարգսյանը։
Պաշտպան Արսեն Բաբայանը նույնպես միջնորդել է դատավորին բացարկ հայտնել. «Օբյեկտիվ դիտորդի մոտ կարող է կարծիք ձևավորվել. աշխատել եք, գործընկերներ ունեք, թմրամիջոցն անհետացել է։ Օրինակ, ներողություն եմ խնդրում, տեսական քնարկում ենք անում, գործի քննության ընթացքում պարզվի, որ թմրամիջոցի անհետացման կամ դրա ի սկզբանե գոյություն չունենալու հետ դուք որոշակի առնչություն եք ունեցել։ Հորդորում եմ, միջնորդում եմ ինքնաբացարկ հայտնեք, որպեսզի նման կասկածները փարատվեն»։
Ըստ դատախազի, միջնորդությունն անհիմն է։
Դատավորը բավարարել է Սրբազանների փաստաբանների միջնորդությունը և ինքնաբաձարկ հայտնել։
«Քրեական վարույթը կհանձնվի դատարանի աշխատակազմ՝ վերամակագրման համար»,- հայտարարել է դատավորը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում