Փաշինյանը 32 տարեկանում է մկրտվել, իր ամուսնությունը եկեղեցական կարգով չի կատարել․ Արա Զոհրաբյան

Փաշինյանը 32 տարեկանում է մկրտվել, իր ամուսնությունը եկեղեցական կարգով չի կատարել․ Արա Զոհրաբյան

«Պետության և Հայ Առաքելական եկեղեցու հարաբերությունների ներկա վիճակի մասին» ԱԺ հայտարարության նախագիծը քննարկելու նպատակով կազմակերպված խորհրդարանական լսումների ժամանակ փաստաբան Արա Զոհրաբյանը հայտարարել է, որ եկեղեցու դեմ իշխանության իրականացրածը թուրք-ադրբեջանական օրակարգ է.

Նրա խոսքով՝ եկեղեցու դեմ սկսված արշավը քաղաքական շահույթ բերող նախաձեռնություն չէ, հատկապես ընտրություններից մեկ տարի առաջ։ Զոհրաբյանի բնութագրմամբ՝ եկեղեցին հայի ինքնության պահպանման կարևոր պահապանն է և Հայաստանն ու Սփյուռքի կապող օղակը, ինչը «նյարդայնացնում է թուրք-ադրբեջանական ուժերին»։

Փաստաբանը կասկածի տակ դրել նաև Նիկոլ Փաշինյանի՝ որպես եկեղեցու «բարեփոխիչ» ներկայացող կերպարը.«Այս անձը մկրտվել է 2007 թվականին՝ 32 տարեկան հասակում, իր ամուսնությունը եկեղեցական կարգով չի կատարել: Արդյո՞ք Փաշինյանն այն բարի հովիվն է, որ ուզում է եկեղեցին բարեփոխել, թե՞ նա այն անձն է, որ ուզում է այդ պատրվակով ներս մտնել և քանդել եկեղեցին»,- ասել է փաստաբանը։

Զոհրաբյանն ընդգծել է նաև, որ արշավն ուղղված է ոչ թե կաթողիկոսի, այլ ամբողջ եկեղեցու դեմ. «Կաթողիկոսն իրականում զուտ օգտագործվում է մարդկանց մոլորեցնելու համար»։ Որպես ապացույց՝ նա հիշեցրեց հայ եկեղեցու պատմության առարկայի կրթական ծրագրից հանելը, հոգևոր ծառայության վերացումը և հոգևորականների հալածանքները։

Իրավական տեսանկյունից փաստաբանը հավելեց, որ ինչպես ՀՀ ներպետական օրենսդրությունը, այնպես էլ Մարդու իրավունքների եվրոպական դատարանն արգելում են պետությանը խառնվել եկեղեցու ներքին գործերին։

Հետևեք մեզ նաև Telegram-ում