Իշխանությունները փոխանակ պայքարեն ատելության կամ խտրականության խոսքի դեմ, հիմնականում իրենք են դառնում այն սնուցողը. Գեղամ Ստեփանյան

Իշխանությունները փոխանակ պայքարեն ատելության կամ խտրականության խոսքի դեմ, հիմնականում իրենք են դառնում այն սնուցողը. Գեղամ Ստեփանյան

Հայաստանում արցախցիների նկատմամբ ատելության խոսքի կամ խտրական վերաբերմունքի դրսևորումներին բախվել ենք հենց առաջին իսկ օրերից։ Այս մասին արցախցիների նկատմամբ ատելության խոսքի և խտրական վերաբերմունքի դրսևորումների շուրջ պանելային քննարկման ժամանակ ասել է Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը։

«Արցախի կորստից հետո Հայաստանի իշխանությունների նպատակն էր ամեն գնով մեղադրել մարդկանց Արցախի կորստի հարցում։ Դրսևորումներից մեկը հենց դա էր՝ զոհին մեղադրելը, «Արցախը թողնել փախչելու» մեջ մեղադրելը, թե Ազգային ժողովի նախագահի մեղադրանքները, թե վերջին՝ մետրոյի դեպքը, երբ ամբողջությամբ մերկացվեց նրանց պրոպագանդան, որի հետևում բացահայտ տեսանք թե ո՞վ և ովքե՞ր են կանգնած։ Այդ ամենն իրականացվում է պետական իշխանությունների կողմից անթաքույց կերպով և տարածվում իշխանական մեդիառեսուրսներով և նաև նրանց սպասարկող կեղծ կամ իրական օգտահաշիվներով»,- ասել է Գ. Ստեփանյանը։

Արցախի ՄԻՊ-ը նշել է, որ երկրորդ նարատիվն անշնորհակալ լինելն է, որը նույնպես կար մետրոյում տեղի ունեցած միջադեպում։

«Մեղադրել են արցախցիներին անշնորհակալության մեջ, որ տարիներով հայաստանյան հանրությունը աշխատել է և պահել է արցախցիներին։ Կեղծ փչված փուչիկ, որը, ցավոք սրտի, 30 տարի լավ փչվել է և հիմա արդեն պայթում է՝ իր ճանապարհին թիրախավորելով բոլորին։ Մամուլով այդ թեզն զարգացվել է, որ Արցախը և արցախցին բեռ են և հիմա մենք նաև քաղում ենք դրա արդյունքները։ Հիմա առավել ևս, որովհետև նաև պետական մակարդակով է դա իրականացվում։ Ամենավատն այն է, որ իշխանությունները փոխանակ պայքարեն նման կենցաղային մակարդակի ատելության կամ խտրականության խոսքի դեմ, հիմնականում իրենք են դառնում դա սնուցողը, ինչն էլ իր հերթին տարածվում է լայն հասարակության մեջ»,- ընդգծել է Ստեփանյանը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում