Գալուստ Սահակյանը Հայաստանում ազգային արժեքների հիմքը ընտանիքն է համարում

Գալուստ Սահակյանը Հայաստանում ազգային արժեքների հիմքը ընտանիքն է համարում

Հայաստանում ազգային արժեքների հիմքում ընկած են ընտանիքը և երեխան: Ազգային ժողովում «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի քննարկման ժամանակ այս մասին նշեց ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը: «Սա այն գաղափարը և փիլիսոփայությունն է, որն արժեվորում է մեր ազգը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ընդգծեց նա:

Գալուստ Սահակյանը նկատեց, որ իր ելույթի պատճառն այն էր, որ քննարկումներն ընթացան այն համատեքստում, թե հայ կանայք սպասում են, որպեսզի պետբյուջեից իրենց փող տան, որպեսզի իրենք մայր դառնան: «Չեմ կարծում, որ մեր հասարակությունը սա է ուզում: Հղի կանայք, ովքեր դուրս էին եկել պայքարի, այդ մասին չէին խոսում: Նրանք խոսում էին սոցիալական արդարության և հավասարության մասին»,- շեշտեց Սահակյանը:

ԱԺ նախագահը չհամաձայնեց դիտարկումների հետ, թե հղիության և ծննդաբերության նպաստները շատացնելը կխթանի ծնելիությունը: «Ես չեմ կարծում, որ օրենքը միտված է դրան: Ես կարծում եմ, որ օրենքը միտված է նրան, որ պետությունը պարտավոր է իր հասարակության նորածին անդամին օգնի, որպեսզի նա անհոգ մանկություն ունենա, առողջ երեխա լինի: Սրան է միտված օրենքը»,- նշեց նա:

ԱԺ նախագահը զավեշտ է համարում այն միտքը, թե կանանց և աղջիկներին պետք է փող տալ, որ նրանք երեխաներ ունենան: «Սա ինձ համար վիրավորական է, և կարծում եմ՝ վիրավորական պետք է լինի նաև մեր հասարակության համար»,- նկատեց Սահակյանը:

Անդրադառնալով դիտարկումներին, թե կարելի էր հղիության և ծնդաբերության նպաստների շեմ չդնել կամ չաշխատող մայրերին ավելի շատ վճարել՝ Գալուստ Սահակյանը նշեց, որ դա բոլորի ցանկությունն է, սակայն հարկավոր է գիտակցել, որ պետությունն առաջ է շարժվում իր հնարավորությունների սահմաններում:

Նա ընդգծեց, որ օրենքի նախագծի առաջին տարբերակը դեռ Ազգային ժողով չէր մտել, տարբեր կողմերից եղան տարբեր արձագանքներ: Գալուստ Սահակյանը փաստեց, որ համատեղ ջանքերի արդյունքում հնարավոր եղավ հասնել նրան, որ ներկայացված նախագիծը, եթե չի բավարարարում բոլորի պահանջները, գոնե առկա խնդիրները լուծելու ուղիներ է առաջարկում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում