Փակուղի տանող է ու քանդող». եկեղեցու դեմ արշավը չշրջանցեց նաև ՔԿՀ-ները. երեք հոգևորական է համաձայնել ենթարկվել ՔԿԾ պետին․ Aysor.am
Կարդացեք նաև
Արդարադատության նախարարության Քրեակատարողական ծառայության պետի որոշմամբ արգելվել է Հայոց Եկեղեցու կողմից նշանակված եկեղեցականների մուտքն ազատազրկման վայրեր։ ՔԿՀ պետը փաստացի դադարեցրել է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու քրեակատարողական հիմնարկների հոգևոր ծառայությունը, միևնույն ժամանակ, շրջանցելով Մայր Աթոռը և անտեսելով իրավական կարգավորումները, անհատ եկեղեցականների հետ կնքել է աշխատանքային պայմանագրեր:
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից հայտարարել են՝ այս քայլը իշխանությունների հերթական թիրախավորված ու հակաեկեղեցական արշավն է՝ սահմանափակելու օրենսդրությամբ երաշխավորված Հայոց Եկեղեցու հոգեխնամ առաքելությունը հանրային կյանքում, ինչը դրսևորվել է նաև ՀՀ Զինված ուժերում և կրթական ոլորտում։
ՔԿՀ-ներում հոգևորականների ծառայությունը տարիների պատմություն ունի, ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկների հոգևոր պատասխանատու Հոգեշնորհ Տեր Իսահակ Վարդապետ Պողոսյանն Aysor.am-ի հետ զրույցում նշում է՝ անընդունելի է այսպիսի վերաբերմունքն ինստիտուտի նկատմամբ։
ՔԿԾ պետի պայմաններին համաձայնել են երեք հոգևորական, նրանցից երկուսի մասին գիտի Հայր Իսահակը՝ Տեր Անուշավան քահանա Կոշեցյանն է ու Տեր Պողոս քահանա Միքայելյանը։ Նկատենք, որ երկուսն էլ միացել են Նիկոլ Փաշինյանի հակաեկեղեցական արշավին։
Որպես կանոն՝ Հայր Սուրբը գնահատականներ չի տալիս, անում է դիտարկումներ, որոնցից պետք է հետևություններ անել։
«Հայ եկեղեցու ավանդության մեջ հոգևորականը չի գործում որպես անհատական անձ, որովհետև հոգևորականը, ինչպես որ հավատացյալը, ընդհանուրի բաղկացուցչի կենդանի անդամ է։ Հոգևոր ծառայությունը չի կարող լինել ձևական, պետք է լինի կայուն ու վստահելի, որովհետև կա խոստովանության գաղտնիություն, ներբանտային կյանքի կազմակերպում կա, բավական նուրբ ծառայություն ու աշխատանք է այս բոլորը ենթադրում»,- նշեց Հայր Իսահակը։
Հայր Սուրբի խոսքով՝ պետությունը պետք է լինի հոգևոր ծառայության երաշխավորը և ոչ երբեք կազմակերպիչը։
ՔԿԾ պետը տևական ժամանակ է՝ կապի մեջ չի ՔԿՀ-ների հոգևոր պատասխանատուի հետ, իսկ այս որոշումից հետո էլ Հայր Իսահակն իմաստ չի տեսնում նրա հետ ինչ-որ հանդիպում կազմակերպելու։
«Եթե մի միջավայրում ինձ չեն ուզում տեսնել, անկարելի է, որ ես հանդիպում փնտրեմ, ես Վանաձորի քահանայի նամակն եմ ներկայացրել ու շատ կարճ ժամանակում ստացա ՔԿԾ պետի նամակը, որտեղ շնորհակալություն հայտնելուց զատ, մեզ տեղեկացնում էր, որ այլ սկզբունք են որդեգրել ու մեր ծառայությունը լուծարվում է, միակողմանի դադարեցնում են մեր հարաբերությունը, մինչդեռ ժամանակին մենք համաձայնագիր ենք ունեցել»,- մանրամասնեց Հայր Իսահակը։
Հոգևորականի ներկայությունը, ինչպես նշում է Հայր Սուրբը, առինքնող նշանակություն ունի ՔԿՀ-ում, կարծում է՝ ՔԿԾ պետի այս որոշումից տուժելու են դատապարտյալները, քանի որ բանտում մարդու միակ հույսն Աստված է։ Հիմա հարց է՝ կկարողանա՞ դատապարտյալն անկեղծ լինել, վստահել հոգևորականին, որն այլևս ոչ թե Մայր Աթոռի ներկայացուցիչ է, այլ՝ ենթարկվում է ՔԿԾ պետին։
«Խցարգելված անձը, մեծ իմաստով, չունի ուրիշ տեղից օգնության ակնկալություն, ու այնպես է ստացվում, որ դատապարտյալը կամ կալանավորն առնչվում է նման խնդիրների, կարող է մեկը վստահի, մեկը չվստահի, եկեղեցին էլ հայտարարություն է տարածել, որ պատասխանատվություն չի կրում այդ անձանց համար, որովհետև այդ անձինք ներկայացնում են իրենց, ոչ թե եկեղեցին։ Այս ամենը հակասում է այն իրավակարգերին, որոնց հետամուտ լինելով՝ պետք է իրագործվի հոգեխնամությունը, Սահմանադրության ամրագրում կա՝ Խղճի, կրոնի ազատություն, մարդու արժանապատվության անխախտելիություն, իրավունքների սահմանափակումների համաչափության սկզբունք, այդ դրույթներց բխում է, որ պետությունը պարտավոր է ոչ միայն չխոչընդոտել, այլ ապահովել կրոնական կյանքի իրական հնարավորություն։ Նախ՝ եկեղեցին ոչ միայն հավատքի, այլև մարդկային արժանապատվության հաստատություն է, այս դիրքորոշումը ենթադրում է խորքային վերաիմաստավորում, որովհետև տասնյակ տարիներ մենք բանտերում բազմաճյուղ գործունեություն ենք ծավալել, հոգևոր ծառայությունն ինքնանպատակ չէ, որ պայմանագրով ինչ-որ մեկին նշանակենք ու գործունեություն ծավալենք, անգամ Քրեական օրենսգրքի նորմերը ենթադրում են համակարգված ու կազմակեպված մոտեցում, ոչ թե ցրված ու բաժանված ծառայություն, այս իմաստով եկեղեցու ու պետության հարաբերությունը պետք է կառուցվի ոչ թե փոխարինման, ներթափանցման, տարբերակման սկզբունքով, այլ պետությունը պետք է երաշխավորի ազատության ու կարգուկանոնի շրջանակը»,- նշեց Հայր Իսահակը։
Հայր Իսահակի համար ՔԿԾ պետի որոշումն անսպասելի էր, բայց՝ ոչ անակնկալ. դեռ ամիսներ առաջ էր անդրադարձել այս խնդրին, որ բնականոն ընթացքի խաթարում է տեսնում. «Սա վիրավորական էր, տասնյակ տարիների ծառայություն ունենք, գոնե ինձ մոտ ընդունված չէր այս ձևով հարաբերվելը, այս ամենը ես ընկալել ու դիտարկել եմ որպես բարոյական փորձություն»։
Հայր Սուրբը չի բացառում, որ կարգալույծ հոգևորականներին կարող են տանել ՔԿՀ-ներ, որ «հոգևոր» ծառայություն իրականացնեն։
«Գիտեք՝ կարգաթող քահանաներ կան, որ, հակառակ իրականությանը, շարունակում են իրենց ծառայությունը, այս դեպքում էլ չեմ զարմանա, որ հոգևոր իմաստով անկատար, մեղանչած մարդիկ գնան ու ՔԿՀ-ներում ծառայություն բերեն։ Ես լավատես մարդ եմ, ամեն ինչի մեջ դրականն եմ փնտրում, բայց, անգամ եթե խնդիր կա, սա ամենակատարյալ ճանապարհը չէր, որպես կարելի էր առնչվել եկեղեցու ինստիտուտին, հոգևորականների բերած ծառայությանը, անկարելի, անընդունելի, տարօրինակ, անփույթ ու վիրավորական մոտեցում էր սա, դատապարտելի է, կառուցողական չէ, փակուղի տանող է, շինող չէ, կառուցող չէ, քանդող է»,- հավելեց Հոգեշնորհ Տեր Իսահակ վարդապետ Պողոսյանը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում