Դամասկոսում Ասադի կառավարման հետ կապված հրապարակային դատավարություն է սկսվել

Դամասկոսում Ասադի կառավարման հետ կապված հրապարակային դատավարություն է սկսվել

Դամասկոսում կիրակի օրը սկսվել է Սիրիայի տապալված նախագահ Բաշար Ասադի կառավարման հետ կապված պաշտոնյաների նկատմամբ առաջին հրապարակային դատավարությունը, հայտնում է Associated Press-ը:

Սիրիական բանակի նախկին բրիգադի գեներալ Ատեֆ Նաջիբը, որն Ասադի օրոք գլխավորում էր Սիրիայի հարավում գտնվող Դարաա նահանգի քաղաքական անվտանգության ծառայությունը և միևնույն ժամանակ նախկին նախագահի հորեղբորորդին է, ներկայացել է դատարանի դահլիճ՝ «սիրիացի ժողովրդի դեմ կատարված հանցագործությունների» մեղադրանքով պատասխան տալու համար, հայտնում է ՍԱՆԱ պետական լրատվական գործակալությունը:

Նաջիբն այդ պաշտոնը զբաղեցրել է 2011 թվականին: Այս գործը կատալիզատոր դարձավ Ասադի անվտանգության ուժերի բռնաճնշումների դեմ զանգվածային բողոքի ցույցերի համար:

Ասադը փախել է Ռուսաստան, նրա մերձավոր շրջապատի անդամների մեծ մասը նույնպես հեռացել է Սիրիայից: Ինքը՝ Ասադը, և նրա եղբայր Մահերը՝ սիրիական զինված ուժերի 4-րդ զրահատանկային դիվիզիայի նախկին հրամանատարը (ում սիրիական ընդդիմության ակտիվիստները մեղադրում են սպանությունների, խոշտանգումների, շորթումների և թմրամիջոցների ապօրինի շրջանառության, ինչպես նաև սեփական կալանավայրեր կառավարելու մեջ), հեռակա կարգով մեղադրյալ են ներգրավվել մի շարք այլ նախկին բարձրաստիճան պաշտոնյաների և անվտանգության աշխատակիցների հետ միասին:

Նաջիբը միակ մեղադրյալն էր, որը ձերբակալվել էր և կիրակի օրն անձամբ ներկա էր դատարանում՝ դատավարության նախապատրաստական նիստին, որը կշարունակվի հաջորդ ամիս:

Հետևեք մեզ նաև Telegram-ում