Իրանի խորհրդարանում ներկայացվել է Հորմուզի նեղուցի վերահսկման 11 կետից բաղկացած ծրագիր

Իրանի խորհրդարանում ներկայացվել է Հորմուզի նեղուցի վերահսկման 11 կետից բաղկացած ծրագիր

Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահ Իբրահիմ Ազիզին ներկայացրել է Հորմուզի նեղուցի վերահսկման վերաբերյալ 11 կետից բաղկացած ծրագիրը։

Նրա խոսքով՝ խորհրդարանի համապատասխան հանձնաժողովներն ու փորձագիտական կառույցները երկար ժամանակ աշխատել են այս հարցի շուրջ՝ մշակելով նեղուցի անվտանգության ապահովման և Հորմուզի նեղուցի ու Պարսից ծոցի զարգացմանն ուղղված ռազմավարական գործողությունների ծրագիր։

Ազիզին նշել է, որ ծրագիրը ներառում է շուրջ 11 դրույթ, որոնք, նրա գնահատմամբ, ապագայում «շատ լավ արդյունքներ» կտան։ Նա ընդգծել է, որ ներկայումս Իրանի զինված ուժերը լիովին վերահսկում են նեղուցը՝ գործելով վերադաս հրամանատարության տրամադրած տվյալների հիման վրա։

Ծրագիրը, ըստ նրա, մշակվել է նաև Իսլամական հեղափոխության առաջնորդի առաջարկած միջոցառումների հիման վրա, որը կարևորել է Հորմուզի նեղուցի կառավարման նոր մոտեցումների անհրաժեշտությունը։

Փաստաթղթով նախատեսվում է սահմանափակել «թշնամական» նավերի անցումը նեղուցով։ Մասնավորապես, ամբողջությամբ արգելվելու է այն նավերի մուտքը, որոնք առնչություն ունեն Իսրայելին (նշվում է՝ «սիոնիստական ռեժիմ»)։

Բացի այդ, նախատեսվում է, որ նեղուցից ստացվող ֆինանսական եկամուտները հաշվարկվեն իրանական արժույթով՝ ռիալով։

Ծրագրի համաձայն՝ Իրանի բոլոր զինված ուժերը պետք է ունենան առաջատար դեր նեղուցում իրականացվող գործողություններում։

Ազիզին նաև հայտարարել է, որ այն երկրները և կառավարությունները, որոնք վնաս են հասցրել Իրանին, սառեցրել նրա ռեսուրսները կամ գործողություններ իրականացրել Իսլամական Հանրապետության դեմ, պետք է փոխհատուցում վճարեն։

Նախագիծը մշակվել է օրենսդրական նախաձեռնությունների հանձնաժողովի կողմից և նախատեսվում է, որ այն կդառնա օրենք։

Հետևեք մեզ նաև Telegram-ում