Իրականում Գյումրի-Կարս երկաթգծը կսպասարկի բացառապես թուրք-ադրբեջանական շահը․ Հրանտ Մելիք-Շահնազարյան․ Aysor.am

Իրականում Գյումրի-Կարս երկաթգծը կսպասարկի բացառապես թուրք-ադրբեջանական շահը․ Հրանտ Մելիք-Շահնազարյան․ Aysor.am

Երեկ ԱԳՆ-ից հայտնեցին, որ տեղի է ունեցել Գյումրի-Կարս երկաթգծի վերականգնման և գործարկման Հայաստան-Թուրքիա համատեղ աշխատանքային խմբի հանդիպումը։ Նշեցին նաև, թե «կողմերն ընդգծել են երկաթգծի շուտափույթ գործարկման կարևորությունը»:

Քաղաքագետ, վերլուծաբան Հրանտ Մելիք-Շահնազարյանը Aysor.am-ի հետ զրույցում ընդգծում է՝ պետք է հաշվարկել՝ թուրքական շուկայից ապրանքների ներմուծման աճին կդիմանա՞ արդյոք մեր տնտեսությունը։

«Տնտեսական ռիսկերը կարելի է քննարկել, փորձել կառավարել, որոշ սահմանափակումներ դնել, թեև իշխանությունը մեծ հաշվով դա չի անի»,- ասում է քաղաքագետը։

Հրանտ Մելիք-Շահնազարյանը ընդգծում է մեկ այլ կարևոր փաստ ևս՝ քանի դեռ չկա դիվանագիտական հարաբերությունների վերականգնման մասին պայմանավորվածություն և այդ հարաբերությունների հաստատում, նման հայտարարությունները կասկածելի են թվում. տնտեսականից բացի, անվտանգային ռիսկեր կան.

«Դեռ պարզ չէ, թե այդ երկաթգիծն  ինչ պայմաններով է գործելու։ Եթե սահմանները փակ են, բայց երկաթգիծն աշխատի, նշանակում է՝ պետք է լինեն ինչ-որ հատուկ պայմանավորվածություններ, ուստի դրանց բնույթն է կարևոր։ Ինձ համար մտահոգիչը և անհանգստացնողն այն է, որ այդ երկաթգիծը կարող է բացվել զուտ թուրք-ադրբեջանական ապրանքների տարանցման համար։

Անունը կլինի՝ իբր թե գործում է երկաթգիծը, բայց իրականում կսպասարկի բացառապես թուրք-ադրբեջանական շահը, ինչպես, օրինակ, մեծ հաշվով արվում է TRIPP-ի գաղափարի դեպքում, երբ ասում են՝ կոմունիկացիաներ են բացվում, բայց իրականում խոսքը ավելի շատ թուրք-ադրբեջանական դաշինքին միջանցք տրամադրելու մասին է»։

Ըստ քաղաքագետի՝ խնդիրը միայն այն չէ, որ Հայաստանը կարող է պարզապես դառնալ տարանցիկ երկիր՝ առանց շահույթ ունենալու.

«Շահույթն ունենալն անգամ երկրորդական է, ավելի լուրջ վտանգներ կարող են լինել։ Օրինակ՝ ի՞նչ բեռներ են տեղափոխվելու Հայաստանի տարածքով։ Կարո՞ղ է, օրինակ, ադրբեջանական կամ թուրքական կողմից կողմից ինչ-որ բեռներ անցնեն Հայաստանի տարածքով՝ առանց մեր լիարժեք վերահսկողության, առանց նույնիսկ իմանալու, թե ինչ է տեղափոխվում։ Նման  ռիսկեր կան, և քանի դեռ չկա հարաբերությունների վերականգնում, բայց լինեն ճանապարհներ, անցակետերի հնարավորություններ, որոնք չեն գործարկվում, հարցը, թե ինչ պայմաններով են ուզում բացել երկաթգիծը, բաց ու արդիական է մնալու»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում