ԱՄՆ-ը Իրանին նոր միջուկային համաձայնագրի նախագիծ է փոխանցել․ Թեհրանին ներկայացվել են կոշտ պայմաններ

ԱՄՆ-ը Իրանին նոր միջուկային համաձայնագրի նախագիծ է փոխանցել․ Թեհրանին ներկայացվել են կոշտ պայմաններ

The Wall Street Journal-ի տեղեկություններով՝ ԱՄՆ-ը Իրանին փոխանցել է նոր շրջանակային ծրագրի նախագիծ՝ միջուկային համաձայնագրի շուրջ։ Եթե Թեհրանը համաձայնի առաջարկին, կսկսվեն 30-օրյա մանրամասն բանակցություններ։

Հրապարակման համաձայն՝ Վաշինգտոնը ներկայացրել է մի շարք հիմնական «կարմիր գծեր»։

Դրանց թվում է Իրանի պաշտոնական հաստատումը, որ երկիրը չի ձգտում միջուկային զենք ստեղծել։ ԱՄՆ-ը նաև պահանջում է ապամոնտաժել Ֆորդոյի, Նաթանզի և Իսֆահանի միջուկային օբյեկտները և ամբողջությամբ արգելել ստորգետնյա միջուկային մշակումները։

Նախագծով նախատեսվում են նաև ցանկացած պահի իրականացվող ստուգումներ՝ խախտումների դեպքում պատժամիջոցների կիրառմամբ։

Բացի այդ, առաջարկվում է 20 տարվա մորատորիում ուրանի հարստացման վրա՝ նախկինում քննարկված անժամկետ արգելքի փոխարեն, ինչպես նաև Իրանի կողմից հարստացված ուրանի ամբողջ պաշարի փոխանցում։

Փաստաթղթում ներառված է նաև Հորմուզի նեղուցի բացման հարցը, որը պետք է իրականացվի ԱՄՆ-ի կողմից սահմանափակումների թուլացմանը զուգահեռ։

Միևնույն ժամանակ, պատժամիջոցների վերացումը նախատեսվում է միայն պայմանների կատարման արդյունքում, ոչ թե նախապես։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում