Հպարտ եմ, որ գառ գրկող եմ, ոչ թե խոզ խանձող․ Բագրատ Սրբազան
Կարդացեք նաև
Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանում՝ դատավոր Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ, այսօր կայացել է Բագրատ Սրբազանի և մյուս արդարների գործով դատական նիստը։ Մինչ պաշտպանները կշարունակեին բացման խոսքով հանդես գալ՝ հայտարարությամբ հանդես եկավ Բագրատ Սրբազանը՝ նշելով, որ գլխավորը դատախազը ոչ միայն չի պատասխանել իրենց հնչեցրած հարցերին, այլև նոր մեղադրանքներ են հնչեցրել։
«Հայտարարել են, որ մենք անիմաստ միջնորդություններով դատական գործընթացը ձգձգում ենք։ Մե՞նք ենք դատական պրոցեսը ձգձգել։ Բացի նրանից, որ վիրավորական է հնչել՝ թե պաշտպանների, թե մեր հասցեին, կարծում եմ՝ վիրավորական է նաև դատարանի հասցեին, որ անիմաստ միջնորդությունների տեղ եք տալիս։ Գուցե մեղադրողներին են նկատի ունեցել, որ մի քանի նիստ նույն բանն էին ընթերցում, բայց վերագրել են մեզ՝ ասելով, որ պաշտպանները․․․ գլխավոր դատախազն է ասել, այսօր մի ճոխաշուրթ իշխանուհի է ասել, որ դատական պրոցեսը ձգձգում ենք։ Այդպե՞ս է, պատվարժան դատարան»,- ասել է Բագրատ Սրբազանը՝ դիմելով նախագահողին։ Վերջինս հարցին չի պատասխանել, ինչին արձագանքելով Սրբազանը հիշեցրել է, որ տնային կալանքում գտնվողները չորս անգամ չեն ներկայացել դատարն, քանի որ նրանց ուղեկցումը չի ապահովվել, մինչդեռ պաշտպանները 5-6 հոգու պաշտպանություն են հանձն առնում, որ դատական գործընթացը չհետաձգվի։
«Երկրորդ, պատվարժան դատարան, երեկ խորհրդարանի փոխխոսնակ կոչված անձը հայտարարել է, որ ես տեռորիստական ակտ եմ կազմակերպել, դրա համար ինքը պետք է պատասխան տա, ես անընդհատ հայտարարում եմ, որ այս մարդիկ սանձերը թողել են, սա անարգանք է ոչ միայն մեր, այլև դատարանի նկատմամբ»,-ասել է Սրբազանը՝ նշելով, որ նրա դեմ հաղորդում են ներկայացնելու, հույս ունի, չեն արդարանա՝ ասելով, որ քաղաքական հայտարարություն են արել։
Սրբազանն անդրադարձել է նաև իրեն ուղղված «գառ գրկող» հայտարարությանը. «Ասեմ ձեզ, սրբանկարչության մեջ գառ գրկողը Քրիստոսն է։ Եթե ինքը ինձ համեմատում է Հիսուսի հետ, իր պաշտամունքի առարկան փոխել է՝ անցնելով ինձ, ես, մեղա Աստծո, մեղք եմ գործում և հրաժարվում եմ այդ պաշտամունքից։ Եվ ես հպարտ եմ, որ գառ գրկող եմ, ոչ թե խոզ խանձող, և ներողություն եմ խնդրում, որ չեմ կարողացել ոչ խոզ գրկել, ոչ վարազ գրկել, ոչ էլ լամա գրկել, ոչ էլ ուղտ գրկել, բայց այն, որ նրանք գտնվում են թուրքերի ու ադրբեջանցիների գրկում, դա փաստ է, ակնհայտ փաստ»։
Սրբազանի պաշտպան Հովհաննես Խուդոյանը նշել է, որ գործի «18 արդարներ» անվանումը նյարդային ջղաձգումներ է առաջացնում գործի պատվիրատուների մոտ, փորձում են կասկած հայտնել, որ հանրությունը 7-8 ամիս առաջ չի իրազեկվել, որ գործը շինծու է և իրապես հանրիավի են մարդիկ մեղադրյալի կարգավիճակում։
Անդրադառնալով ԱԺ-ում տարեկան հաղորդման շրջանակներում իրավապահ մարմինների ղեկավարների խուսափողական պնդումներին, թե պետք չէ գործի դետալների մեջ մտնել՝ Խուդոյանը հիշեցրել է, թե ինչպես էին գլխավոր դատախազը, ՔԿ նախագահը գործի դետալները խեղաթյուրելով հանրությանը ներկայացնում, օրինակ, իբրև Հրայր Սարկավագը սպանության էր նախապատրաստվում կամ պատրաստվում էին ավտոբուսներ վառել, ինչը ևս գործով որևէ կերպ հաստատված չէր, համանման իրավիճակ էր նաև ոստիկանների նկատմամբ իբրև բռնության կոչը, որն իրականում ևս գոյություն չուներ։ Խուդոյանը նաև հիշեցրել է Փաշինյանի համանման անպատասխանատու հայտարարությունները, հետո դատարանում պատասխանատվության կանչվելուց վաղեմության ժամկետից էր օգտվում, որ պատասխան չտա․ «Մեղադրանքներ հնչեցնողները թող փորձ կատարեն գտնել իր խոսքերի ապացույցները»։
Հետևեք մեզ նաև Telegram-ում