ԱՄՆ կոնգրեսականները ողջունել են Սպիտակ տանը հայկական գորգի ցուցադրությունը

Սպիտակ տան այցելուների սրահում նոյեմբերի 18-23-ը հայ որբերի գործած գորգի ցուցադրությունը մեծ ոգևորություն է առաջացրել ԱՄՆ կոնգրեսականների շրջանում:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է Հայ դատի ԱՄՆ հանձախումբը:

«Ղազիր գորգը սովորական գորգ չէ, այն շոշափելի կապ է ստեղծում այսօրվա և 20-րդ դարի առաջին ցեղասպանության միջև, սա լուռ ու գեղեցիկ ապացույցն է բոլոր նրանց համար, ովքեր ժխտում են 1915-23 թվականներին հայ ժողովրդի 1,5 միլիոն տղամարդկանց, կանանց և երեխաների սպանությունը, որը տեղի է ունեցել զանգվածային կոտորածների, բռնի տեղահանության, բռնաբարությունների և կողոպուտի միջոցով»,- իր խոսքում նշել է ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆը: Նրա կարծիքով` մինչ աշխարհը պատրաստվում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին, որբերի գորգը վերակենդանացն ում է հայկական ցրված ընտանիքներին և այն զանգվածային անմարդկայնությունը, որը տեղի է ունեցել հայ ժողովրդի նկատմամբ: «Ես հուսով եմ, որ այն կարող է լավ դաս լինել ամերիկացիների նոր սերնդին պատմության մեծագույն ողբերգության վերաբերյալ և հանգեցնել ջանքերը կրկնապատկելուն, որպեսզի 2015 թվականին վերջնական և հավերժ կերպով հիշատակվի հայերի ցեղասպանությունը` առանց խուսափողականության»,- ասել է Շիֆը:

Կոնգրեսական Դևիդ Վալադոն խոսել է ԱՄՆ-ում հայկական համայնքի կարևոր դերի մասին: Նրա համոզմամբ` հայ որբերի գորգը ընդհանուր մասնիկն է ամերիկյան և հայկական պատմության, որը պետք է հասանելի լինի հանրությանը:

«Հայ որբերի գորգը խորհրդանշում է հայերի հարատև ոգին»,- ասել է կոնգրեսական Ջոն Սարբանեսը, ով հույս է հայտնել, որ գորգի ցուցադրությունը կարող է նպաստել խնդրի արդար քննարկմանը, ինչն էլ ի վերջո կհանգեցնի ցեղասպանության պաշտոնական ճանաչմանը:

Կոնգրեսի անդամ Քեթրին Քլարքը համոզմունք է հայտնել, որ հայկական գորգի ցուցադրությունը ամերիկացիներին ֆիզիկապես կհիշեցնի Հայոց ցեղասպանության մասին: Նրա կարծիքով` արդեն վաղուց ժամանակն է, որ Միացյալ Նահանգները ճանաչի Ցեղասպանությունը:

Հայ որբերի գորգի ցուցադրությունը գնահատող խոսքեր են հնչեցրել նաև կոնգրեսականներ Ջիմ Կոստան, Դևիդ Սիսիլինը, Ջուդի Չուն, Ջեյմս մըքԳավըրնը:

Սպիտակ տան այցելուների սրահում նոյեմբերի 18-23-ը կցուցադրվի հայ որբերի գործած գորգը: Ցուցահանդեսը կոչվում է «Շնորհակալություն ԱՄՆ-ին. երեք նվեր նախագահներին՝ ի երախտագիտություն արտերկրում ամերիկյան մեծահոգության», որտեղ հայկական գորգի կողքին կներկայացվեն 1930 թվականին Ֆրանսիայից ստացված Սևրի ծաղկամանը` Ֆրանսիայում երեխաներին սննդով ապահովելու համար, նաև ապակու մեջ ծաղկող ճյուղը, որն ԱՄՆ ներկայիս նախագահ Օբամային են նվիրել ճապոնացիները` 2010 թվականի երկրաշարժից ու ցունամիից հետո տրամադրված օգնության համար:

1920թ. Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի օգնությամբ հիմնադրված Ղազիրի որբանոցի հայ աղջիկները 10 ամիս շարունակ գործել են հայկական գորգը։ Այն ԱՄՆ նախագահ Քելվին Քուլիջին է ներկայացվել 1925 թվականի դեկտեմբերի 4-ին, Սուրբ Ծննդյան տոների առթիվ։ Նախագահի պաշտոնից հեռանալու ժամանակ (1929 թվական) Քուլիջն իր հետ տանում է գորգը` որպես անձնական նվեր, սակայն 80-ականներին այն վերադարձնում են Սպիտակ տուն, որից հետո գորգը միայն երկու անգամ է հրապարակայնորեն ցուցադրվել:

Հայ որբերի գորգն ավելի քան քսան տարի պահված է եղել Սպիտակ տան նկուղում: Գորգի ցուցադրությունը մի քանի անգամ հետաձգվել է, ինչն առաջացրել է հայ համայնքի և մի շարք կոնգրեսականների վրդովմունքը: Հայ որբերի գորգի ցուցադրման թեման հատկապես վերջին տարիներին հաճախ է հայտնվում միջազգային ու տեղական լրատվամիջոցների էջերում, քաղաքական գործիչների օրակարգում: Պատճառը դրա կապն է Հայոց ցեղասպանության հետ, գորգի խիստ խորհրդանշական բնույթը: Այն ընկալվում է որպես հայերի հայրենազրկման ու կոտորածների, որբ մնացած երեխաների ճակատագրի արտացոլում: Վաշինգտոնում խուսափում են գորգը հանրությանը ներկայացնելուց` փորձելով չնեղացնել թուրքերին: Թուրքիայում չեն ցանկանում, որպեսզի Հայոց ցեղասպանությունը մարմնավորող այս մասունքը հանրայնացվի և </ i>ամեն կերպ փորձում են կանխել գորգի ցուցադրման ցանկացած փորձ: Գորգը հարուստ է զարդանախշերով: Հետևելով գորգի նախշերին՝ կարելի է տեսնել բույսեր և կենդանիներ, որոնք պատկերում են Դրախտը:

Գորգը գործվել է Ղազիր քաղաքում (այժմյան Լիբանանում) ՝որպես երախտիք ԱՄՆ-ի կոմից ցուցաբերած օգնության, հենց այդ պատճառով էլ այն հաճախ անվանում են Ղազիրի գորգ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում