Սեպուհի՝ Արշակ Ներսիսյանի սափորաճյունը կամփոփվի Եռաբլուրում

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ 19-րդ դարի վերջի 20-րդ դարի սկզբի հայ ազգային ազատագրական պայքարի առաջամարտիկներից Սեպուհի՝ Արշակ Ներսիսյանի սափորաճյունը կհանձնվի հողին: «Արարողությունը տեղի է ունենալու Եռաբլուրում նոյեմբերի 20-ին` ժամը 13:00-ին, իսկ 15-ին Առնո Բաբաջանյան համերգասրահում տեղի կունենա հուշ ցերեկույթ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ կառավարության նիստի ավարտից առաջ հայտարարեց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:

Նախարարը կառավարության բոլոր անդամներին հրավիրեց մասնակցելու արարողությանը:

Կենսագրությունն ըստ Վիքիպեդիայի

Արշակ Ներսիսյան (1872-1940 թթ.), հայ ազգային ազատագրական շարժման գործիչ, ֆիդայի, ծնվել է 1872 թ. Արևմտյան Հայաստանի Բաբերդ քաղաքի շրջակայքի գյուղերից մեկում։ Ազատագրական շարժմանը միացել է Կ. Պոլսում, հետագայում գործել է Արևմտյան Հայաստանում: Հարել է հնչակյան կուսակցությանը, 1894-ից՝ Հայ Յեղափոխական Դաշնակցություն կուսակցության անդամ։ Սովորել է Տրապիզոնի ազգային վարժարանում։ Ապրել և գործել է Կ. Պոլսում, 1890-ի Գում Գափուի ցույցից հետո անցել է Ղրիմ (Սևաստոպոլ, Յալթա), հետո՝ Կարս, Տարոն, 1903-ին՝ Թորգոմի «Մրրիկ» խմբի (23 հոգի) կազմում՝ Սասուն։ 1904 թ- ի Սասունի ինքնապաշտպանության մասնակից։ Բռնվել է թուրքական իշխանությունների կողմից և բանտարկվել Մուշում: Մասնակցել է Սասունի 1904-ի ապստամբությանը։ Գործակցել է Հրայրի, Իշխանի հետ։ Հայ Յեղափոխական Դաշնակցություն կուսակցության IV ընդհանուր ժողովին (1907, Վիեննա) մասնակցելուց հետո մեկնել է Բաբերդ, մինչև 1912-ը գործել Տարոսում, ապա՝ Կարինում, Թիֆլիսում, 1913-ից ապրել է Խարկովում։ Առաջին համաշխարհային պատերազմի սկզբին 21 հոգուց բաղկացած խմբով միացել է Անդրանիկին։ Եղել է հայկական 1-ին կամավոր գնդի 2-րդ վաշտի հրամանատար։ Առաջին համաշխարհային պատերազ մի առաջին օրերից մտել է հայ կամավորների շարքը և մասնակցել Կովկասյան ճակատում մղվող կռիվներին որպես հայ կամավորական 1-ին գնդի հրամանատար: Մուրադ Սեբաստացու հետ հիմնադրել է հիմնադրամ, որի նպատակն էր նյութական օգնություն ցույց տալ Հայոց Ցեղասպանության հետևանքով գաղթականներ դարձած հայ ընտանիքներին։ Եղել է Հայաստանի Առաջին Հանրապետության պառլամենտի անդամ և ճնշել է 1920 թ-ի Մայիսյան ապստամբությունը։ Հայաստանում խորհրդային կարգեր հաստատվելու հետևանքով արտագաղթել է ԱՄՆ, որտեղ և մահացել է 1940 թ-ին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում