Հեղինե Բիշարյանն առաջարկում է չսահմանափակել սահմանամերձ համայնքների կոմունալ վճարների փոխհատուցման ժամկետը

Ազգային ժողովի ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը նպատակահարմար չի համարում որոշ սահմանամերձ համայնքների բնակիչների կոմունալ վճարների մասնակի փոխհատուցման վերաբերյալ օրենքի կիրառման ժամկետային սահմանափակումը: Կառավարության ներկայացրած համապատասխան նախագծով նախատեսվում է 2015թ. հունվարի 1-ին մինչև 2018թ. հունվարի 1-ը մասնակի փոխհատուցել շուրջ 31 սահմանամերձ համայնքների բնակիչների կոմունակ վճարները: Ազգային ժողովում «Սահմանամերձ համայնքների սոցիալական աջակցության մասին» ՀՀ օրենքի նախագծի երկրորդ ընթերցման ռեժիմով քննարկման ժամանակ Հեղինե Բիշարյանը նշեց, որ այդ սահմանամերձ համայնքները միշտ մնալու են սահմանամերձ համայնքներ, ուստի նպատակահարմար չէ փոխհատուցման ժամկետային սահմանափակում դնել: «Ես առաջարկում եմ հանել այդ սահմանափակումը և երբ մենք կզգանք, որ այդ համայնքներն արդեն աջակցության կարիք չունեն, չենք աջակց ի այդ մարդկանց: Սակայն հիմա ժամկետ սահմանել, ես կարծում եմ, որ ճիշտ չէ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց պատգամավորը:

Հիմնական զեկուցող, ՀՀ տարածքային կառավարման նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Վաչե Տերտերյանը նշեց, որ տարեցտարի խնդիրները կարող են փոխվել՝ և դեպի լավը, և դեպի վատը: «Այս դեպքում կառավարությունը ժամկետային սահմանափակում է դրել, որպեսզի կոնկրետ ժամանակահատվածի համար հասկանա խնդիրները և համապատասխան նոր լուծումներ գտնի»,- նշեց նա:

ՀՀ Ազգային ժողովը երկրորդ ընթերցման ռեժիմով ավարտել է «Սահմանամերձ համայնքների աջակցության մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկումը: Նախագծով առաջարկվում է ՀՀ պետական բյուջեից մասնակի՝ առնվազն 50 տոկոսի չափով փոխհատուցել շուրջ 31 համայնքների բնակիչների կոմունալ վճարները: Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ միաձայն ընդունել է օրենքի նախագիծը, որին կողմ է քվեարկել 100 պատգամավոր: Վաչե Տերտերյանը տեղեկացրեց, որ առաջինից երկրորդ ընթերցման ռեժիմում մանրամասն վերլուծվել են բոլոր պատգամավորների առաջարկները և դրանցից մի քանիսն ընդունվել են, որոնց արդյունքում օրենքի նախագծում կատարվել են որոշակի փոփոխություններ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում