Իրանը տարիներով չի կարողանա վերականգնել իր ռազմական ներուժը․ Բրեդ Կուպեր
Կարդացեք նաև
ԱՄՆ ԶՈւ Կենտրոնական հրամանատարության (CENTCOM) ղեկավար, ադմիրալ Բրեդ Կուպերը հայտարարել է, որ ամերիկյան ուժերը Իրանում իրականացված ռազմական գործողությունների ընթացքում հասել են իրենց առջև դրված բոլոր նպատակներին։
Սենատի զինված ուժերի հանձնաժողովում ունեցած ելույթի ժամանակ Կուպերը «ոչ հավաստի տվյալներ» է անվանել այն տեղեկությունները, թե Իրանը պահպանել է իր հրթիռային զինանոցի ավելի քան 70 տոկոսը։
Նրա խոսքով՝ ԱՄՆ ռազմական գործողությունը տևել է 40 օրից պակաս և զգալիորեն թուլացրել է Թեհրանի ազդեցությունը Մերձավոր Արևելքում։
«Այսօր Իրանը այլևս ի վիճակի չէ իրականացնել զանգվածային և լայնածավալ հարձակումներ։ Բացի այդ, 90 տոկոսով ոչնչացված պաշտպանական արդյունաբերական բազայի պայմաններում Իրանը երկար տարիներ չի կարողանա վերականգնվել», -հայտարարել է ադմիրալը։
Կուպերը նաև նշել է, որ անցած տարվա նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին ԱՄՆ-ը նկատել էր Իրանի կողմից բալիստիկ հրթիռների արտադրության հնարավորությունների և մտադրությունների աճ, ինչը «շատ լուրջ սպառնալիք» էր ինչպես ԱՄՆ-ի, այնպես էլ նրա գործընկերների համար։
Ադմիրալի խոսքով՝ ամերիկյան գործողությունների արդյունքում Իրանի հիմնական տարածաշրջանային դաշնակից խմբավորումները՝ ՀԱՄԱՍ-ը, «Հեզբոլլահ»-ը և հուսիթները, զրկվել են Թեհրանից զենք և աջակցություն ստանալու հնարավորությունից։
Հետևեք մեզ նաև Telegram-ում