Մարկո Ռուբիոն հայտարարել է Իրանի հետ բանակցություններում «զգալի առաջընթացի» մասին

Մարկո Ռուբիոն հայտարարել է Իրանի հետ բանակցություններում «զգալի առաջընթացի» մասին

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ Իրանի հետ բանակցություններում արձանագրվել է որոշակի, նույնիսկ զգալի առաջընթաց, թեև վերջնական համաձայնություն դեռ չկա։

Նրա խոսքով՝ դեռ անհրաժեշտ է կատարել որոշ աշխատանք, սակայն առաջիկա ժամերին աշխարհը կարող է լավ լուրեր ստանալ՝ հատկապես Հորմուզի նեղուցի և ընթացող բանակցային գործընթացի վերաբերյալ։

Ռուբիոն ընդգծել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երբեք չի համաձայնի այնպիսի գործարքի, որը կհանգեցնի Իրանի միջուկային հավակնությունների ամրապնդմանը։

«Այն գաղափարը, թե այս նախագահը կարող է ընդունել մի համաձայնություն, որը վերջում կուժեղացնի Իրանի միջուկային դիրքերը, պարզապես անհեթեթություն է»,-նշել է նա։

Խոսելով Հորմուզի նեղուցի մասին՝ Ռուբիոն հայտարարել է, որ Իրանը չի տիրապետում նեղուցին, քանի որ այն միջազգային ջրային ուղի է։

Նրա խոսքով՝ ներկայում Իրանը սպառնում է հարձակվել առևտրային նավերի վրա՝ օգտագործելով միջազգային ջրային ճանապարհը, և եթե դա դառնա ընդունված նորմ, ապա աշխարհում կարող է ձևավորվել վտանգավոր նախադեպ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում