Իրանում հայտարարել են, որ ԱՄՆ-ի հետ համաձայնագրի նախագիծն արդեն պատրաստ է

Իրանում հայտարարել են, որ ԱՄՆ-ի հետ համաձայնագրի նախագիծն արդեն պատրաստ է

Իրանական պետական հեռուստատեսության հաղորդմամբ՝ Թեհրանը ստացել է ԱՄՆ-ի հետ փոխըմբռնման նախնական ոչ պաշտոնական շրջանակային համաձայնագրի նախագիծը, որը նախատեսում է Հորմուզի նեղուցով առևտրային նավագնացության վերականգնում և ԱՄՆ-ի կողմից Իրանի ռազմածովային շրջափակման դադարեցում։

Հաղորդման համաձայն՝ նախատեսվում է, որ ԱՄՆ-ը դուրս կբերի իր զորքերը Իրանի սահմաններին հարակից շրջաններից և կդադարեցնի շրջափակումը, իսկ Իրանը մեկ ամսվա ընթացքում Հորմուզի նեղուցով առևտրային տարանցիկ նավերի հոսքը կհասցնի նախապատերազմյան մակարդակին։

Իրանական պետական հեռուստատեսությունը նշում է, որ ռազմական նավերը ներառված չեն համաձայնագրի նախագծում։ Ըստ հաղորդման՝ Հորմուզի նեղուցով նավագնացության վերահսկումն ու կազմակերպումը կիրականացվեն Իրանի և Օմանի համագործակցությամբ։

Նշվում է նաև, որ եթե վերջնական համաձայնությունը ձեռք բերվի 60 օրվա ընթացքում, այն կարող է հաստատվել որպես ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի պարտադիր կատարման բանաձև։

Միաժամանակ Թեհրանը հայտարարել է, որ «Իսլամաբադյան հուշագրի» շրջանակային փաստաթուղթը դեռ վերջնական տեսքի չի բերվել, և Իրանը որևէ քայլ չի ձեռնարկի առանց իրական ստուգման մեխանիզմների։

Իրանի խորհրդարանի պատգամավոր Մոհսեն Զանգանեն իր հերթին նշել է, որ Թեհրանը ԱՄՆ-ի հետ չի բանակցում ուրանի հարստացման սկզբունքի շուրջ, այլ քննարկում է միայն տեխնիկական մանրամասները, այդ թվում՝ հարստացման թույլատրելի մակարդակները։

«Մենք չենք քննարկում հարստացման սկզբունքը, այլ խոսում ենք մանրամասների մասին, օրինակ՝ հարստացման այն տոկոսի, որը, նրանց կարծիքով, պետք է սահմանափակվի»,-ասել է նա։

Զանգանեի խոսքով՝ բանակցությունները լիովին համակարգվում են Իրանի գերագույն առաջնորդի հետ։ Նա նաև հույս է հայտնել, որ Իրանը մոտ ապագայում՝ արդեն Գադիր Խումի մուսուլմանական տոնի ընթացքում, կկարողանա հայտարարել «հաղթանակի» մասին։

Հետևեք մեզ նաև Telegram-ում